▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք փորձում են շեղել ու կենտրոնացնել մեզ ՀՀ սահմաններին` Արցախին անակնկալ հարված հասցնելու մտադրությամբ. Դավիթ Բաբայան

«Իրավիճակն Արցախում այս պահին համեմատաբար կայուն է: Որևէ դիվերսիոն գործողություն չի կատարվում: Այն, ինչ  այսօր տեղի է ունեցել Տավուշում, մեզ համար նույնքան ցավալի է, ինչպես օրինակ եթե այն տեղի ունեցած լիներ Արցախում. սա ողջ հայությանն է վերաբերում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինիս խոսքով`Ադրբեջանի այս քայլը կարող է լինել խորամանկություն.

«Չի բացառվում, որ նրանք իրենց այս քայլով փորձում են շեղել ու կենտրոնացնել մեզ ՀՀ սահմաններին` Արցախին անակնկալ հարված հասցնելու մտադրությամբ: Ընդհանրապես Ադրբեջանը սովորություն ունի Նոր տարվա նախաշեմին նման ստոր քայլերի դիմել, այլ կերպ ասած` «մեզ յուրովի են շնորհավորում»: Բացի այդ  իրենց մոտ դեկտեմբերի 31-ը նշվում է որպես ադրբեջանցիների միասնության օր, և հենց դա էլ իրենց պարտավորեցնում է դիմել ահաբեկչական գործողությունների. ինչ կարող եմ ասել, արհեստական մի  տոն, արհեստական ժողովրդի կողմից: Ալիևի և նրա վարչախմբի սանձազերծած գործողության հետևանքով ունեցանք զոհեր ոչ միայն մենք, այլև` հակառակորդը: Ինձ հետաքրքիր է` ադրբեջանական կողմն ինչպե՞ս է ծնողներին բացատրելու որդիների մահը: Սա անբարոյականության գագաթնակետն է, իսկ անբարոյական պետության հետ խոսել տրամաբանական լեզվով ոչ միայն չի կարելի, այլև խստիվ վտանգավոր է»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը Հայաստանի և Արցախի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց:

Հավելենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և վիրավորներ

Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին