«Լապշինի խնդիրը մարտահրավեր է ընդհանրապես ողջ քաղաքակիրթ հանրությանը և քաղաքակիրթ աշխարհին»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսում Ադրբեջանի պահանջով կալանավորելու և նրան Բաքվին արտահանձնելու խնդրին:
«Փաստորեն, այնպես է ստացվում, որ եթե Բելառուսը գնա այդ քայլին, դա կնշանակի անարգանք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և նույնիսկ սեփական պատմության նկատմամբ: Բելառուսը գիտի` ինչ է ֆաշիզմը, երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամենատուժված երկիրը և ամենատուժված ժողովուրդն է եղել, քանի միլիոն մարդ է զոհվել: Եվ հիմա նույնը կատարել և վերադարձնել Լապշուն, կնշանակի այդ ֆաշիստական քաղաքականության շարունակություն, այսինքն` սեփական նախնիների և նրանց թափած արյան և զրկանքների նկատմամբ: Եթե դա տեղի ունենա, դա կլինի ֆաշիզմի դրսևորում, ինչպես նաև կոռուպցիայի վառ մարմնավորում, քանի որ Ադրբեջանը Բելառուսի վրա ազդելու կամ պատժամիջոցներ կիրառելու որևէ իրավունք չունի: Սա քաղաքական կոնկրետ գործիչների շահագրգռվածություն է, այսինքն` դա կլինի կոռուպցիայի վառ արտահայտում: Իսրայելը, մենք, ԵԱՀԿ Մինսկի համնախագահող երկրները, ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է համախմբվի, որպեսզի նման բան տեղի չունենա: Եթե Լապշինին հանձնեն Ադրբեջանին, այնտեղ նրան սպանելու են, տանջանքների են ենթարկելու: Սա նույնն է, ինչ Ադրբեջանը կատարել է Հունգարիայում, կաշառել է քաղաքական, իրավապահ շրջանակներին` Ադրբեջան բերելով մարդասպան հանցագործին: Նույնը լինելու է Լապշինի նկատմամբ, պարզապես Լապշինն այստեղ զոհ է լինելու»,- իր տեսակետը հայտնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը ԼՂ այցելած բլոգերին ձերբակալելու պահանջով փորձում է վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին` ցույց տալով, թե նրանց ինչ է սպասվում, պրն. Բաբայանը նշեց. «Ադրբեջանը, իհարկե, փորձելու է Լապշինին պատժել, որպեսզի ինչ-որ ձևով ահաբեկի, բայց կարծում եմ, որ սա պետք է մի նոր ալիք բարձրացնի աշխարհում, որ ավելի շատ մարդ գա Արցախ և այդ ձևով պատասխանի նման ֆաշիզմին»:
«Սա ոչ թե ուժի դրսևորում է, սա պարզապես կլինի Բելառուսի կոռուպացված լինելու ապացույց, եթե Բելառուսը գնա այս քայլին, ավելի կոնկրետ` Բելառուսի իշխանությունը, ոչ թե ժողովուրդը: Պարզապես անողնաշարություն կլինի, եթե Բելառուսը նման քայլի գնա»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինինին, ով Իսրայելի քաղաքացի է և երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ, ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Արցախ այցելելու համար:
Հավելենք, որ Իսրայելի իշխանությունները հորդորում են Բելառուսին որևէ կերպ չհանձնել Լապշինին Ադրբեջանին:
Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան