▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարապետին դավադրաբար սպանել ու եկել ուրախանում էին.Օրն այնքան էլ հարթ չի անցել Խնձորեսկում

Հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում առաջին անգամ նշվեց «Սպարապետի օր»-ը: Ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և բաձրաստիճան այլ այրեր:

Միջոցառումը մեկնարկեց Խնձորեսկի ճոճվող կամրջից՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց երդման արարողությունը՝ ազգային հերոս, Դավիթ Բեկի զինակից Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ: Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվեցին ժողովրդական երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերի մրցույթներով.նետաձգություն, փեյնթ բոլ և այլն, իսկ այս ամենը տեսնելու համար երկար ժամանակ էր պահանջվում.նետաձգությունն այլ վայրում էր, փեյնթ բոլը՝ այլ: Չնայած կազմակերպիչները այդ հարցը լուծել էին.15 րոպեն մեկ մեքենաները ցանկացողներին տեղափոխում էին մեկ վայրից մյուսը: Առավել ջանասիրաբար տեղափոխում էին լրագրողներին, միայն թե նրանք չհանդիպեին նախագահին կամ այլ պաշտոնյաների: Իսկ տեղափոխումն այնքան «լավ» էր, որ մինչև հասնում էիր իրադարձության վայր՝ այն արդեն ավարտվել էր: Իսկ ի՞նչ էր մնում անել, միայն ուտել, ուտել: Այ, դրա մասին, ինչ խոսք, իրոք լավ էին մտածել: Ամեն ինչ տեղը տեղին մատուցում էին: Բայց, դե կուշտ և առանց նյութի լրագրողն էլ մի բան չէր: Գոնե գյուղապետին կտեսնեին ու կհարցնեին՝ գյուղում ինչո՞ւ խմելու ջուր չկա, կարելի էր, չէ՞: Հուսանք, հաջորդ տարի թերությունները կշտկվեն:

Իսկ մինչ այդ՝ գանք սկզբից: Պարզվում է՝ «Սպարապետի օր» անցկացնելու գաղափարը Բնապահպանության նախարարի խորհրդական, «Վերելք» հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանինն է, ով ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր.

«Իդեաս տարան: Անցյալ տարվանից «Վերելք» արժեհամակարգային միությանն առաջարկել էի հիմնել «Զորավարաց» կամ «Սպարապետաց օր» տոն, որի ժամանակ պետք է այցելեինք Մխիթար սպարապետի շիրիմին։ Անցյալ տարի հոկտեմբերին էինք ցանկանում իրագործել, բայց չստացվեց։ Այս տարվա սեպտեմբերի 30-ին կրկին առաջարկեցի այցելել, էլի խնդիրներ առաջացան։ Քիչ առաջ միության գաղափարական և մշակույթի բաժիններին առաջարկեցի հոկտեմբերի վերջին կազմակերպել այցը, սակայն տեղեկացրին, որ արդեն այդ տոնը նշելու նախաձեռնություն կա։ Վատ չէ։ Մնում է տոնն ունենա անվանն արժանի խորհուրդ։ Բարի երթ տոնին»:

Asekose.am-ի թղթակիցը Արծրուն Պեպանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր ցանկանում նման միջոցառում կազմակերպել, արդյո՞ք նույն վայրում էին երգելու ու պարելու,  քանի որ շատերի համար տարօրինակ էր դա, որովհետև, ասում էին՝ հենց Խնձորեսկի բնակիչներն են դավադրաբար սպանել Մխիթար Սպարապետին, հիմա էլ եկել ուրախանում են, և գո՞հ էր արդեն անցկացված միջոցառումից, թե՝ ոչ:

«Մի քանի տարի է՝ այդպիսի տոն հիմնելու մտադրություն կար։ Արդեն երկու նման տոն հիմնել եմ՝ «Արքաների օր»-ը և «Հայոց զենքի փառքի օր»-ը: «Արքաների օր»-ը հինգ տարի անց է կացվել Աղձքում՝  Արշակունիների դամբարանի մոտ։ «Հայոց զենքի փառքի օր»-ը երկու տարի  անցկացվել է Ագարակ հնավայրում։

Այդ տոները մաս են կազմում հանրային մտածողության վերափոխման ծրագրի։ Առանձին վերցրած դրանք քիչ բան կտան, սակայն այլ քայլերի հետ դրական ազդեցություն կարող են ունենալ մարդկանց մտածողության վրա։

Իսկ Սպարապետի օրը պետք է այցելեինք Մխիթար սպարապետի գերեզմանին, այնտեղ ոգեկոչում էր իրականացվելու, բարեկարգելու էինք գերեզմանի տարածքը։ Հիշատակելու էինք հայտնի մեր բոլոր սպարապետներին, ապա հասնելու էինք նրան,  որ բոլոր մարզերում նշվեր այդ տոնը: Այսինքն՝ այն վայրերում, որտեղ սպարապետները ճակատամարտել են»: Ինչ վերաբերում է դավադրաբար սպանությանը, ապա առաջին մի քանի տարիներին քեֆ-ուրախություն չէինք նախատեսում: Ամեն ինչ  զուսպ էր լինելու: Տոնը պետք է կազմակերպվի այնպես, որ նման հարցեր չառաջանան»,-ասաց Արծրուն Պեպանյանը:

Արդեն տեղի ունեցած միջոցառմանն էլ խուսափեց գնահատական տալ՝ ասելով, որ քիչ տեղեկություն ունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին