«Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի զեկույցից հետո լսումների մասնակիցները նրան հարցեր են ուղղել:
«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը հետաքրքրվել է, թե արդյոք կա ապացույց, որ մարտի մեկին ընդդիմության որևէ ցուցարար զինված է եղել: Նաև հարցրեց, թե 300 մարդ է ձերբակալվել, դրանցից որևէ մեկը... «Արդյոք զոհերից որևէ մեկի մոտ հրազեն եղե՞լ է, թե՞ ոչ. գիտենք, որ դիպուկահար էր եղել, իրենց խնդիրը պետք է լիներ զինված մարդուն մեկուսացնելը: Եթե զենք չի եղել, ի՞նչ են արել, ուր են դիպուկահարները»,- հարցրել է նա: Սեմիրջյանի մյուս հարցն էր, թե 5000 հոգուց ցուցմունք են վերցրել ու «Ձեզ համար հարց չի՞ առաջանում, որ այդքան մարդու մոտ որևէ արժեքավոր ցուցմունք սպանությունների մասով չի հայտնաբերվել»,- ասել է նա և նաև հետաքրքրվել , թե 500 վիրավորները արդյոք հայտնել են, որ վիրավորվել են ցուցարարների կողմից, թե բոլորը նշել են, որ ոստիկաններն են իրենց նկատմամբ զենք կիրառել:
Բիշարյանը, պատասխանելով հարցին, թե ցույցի մասնակիցներից որևէ մեկը հրազեն ունեցել է թե ոչ, չի համաձայնվել փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության հետ, թե վարկած էր շրջանառվում, որ մեկ անձի կողմից ինքնաձիգ է օգտագործվել, որը մերժվել է:
Ըստ նրա՝ դա ապացուցված փաստ է, որի վերաբերյալ ունեն օրինական ուժի մեջ մտած քրեական գործ:
Հարցին, թե ապացույցներ կան զենք կամ հրազեն օգտագործելու մասով, Կարեն Բիշարյանը նշել է, որ հիմա քննության փուլում է գտնվում, և նախաքննության տվյալներից որոշ տվյալներ հրապարակելուց զերծ կմնա:
«Այսօր քննության առանձին տվյալներ չենք հրապարակի՝ նախաքննության շահերից ելնելով»,-ասել է նա, իսկ հարցին, թե քննվել է, և արդյոք ծնողների նկատմամբ ճնշումներ իրականցվել են, դատախազության պաշտոնյան ասել է, որ նման փաստ ձեռք չի բերվել: Արժեքավոր ցուցմունքի մասին հարցադրումը, ըստ նրա, ընդհանրական է: «Բնականաբար, հարց առաջանում է, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքների մասին ձեռք բերելու նոր տեղեկություններ»,- ասել է նա: Սեմիրջյանը պնդել է, որ գոնե պատասխանի հարցին՝ ի վերջո զոհերից որևէ մեկը զինված եղել է, թե ոչ: «Դա նախաքննության տվյալ կհամարեմ և թերևս կխուսափեմ դրա վերաբերյալ պատասխան հնչեցնելուց»,- ասել է Բիշարյանը, որից հետո միջամտել է Նիկոլ Փաշինյանը. «Պարո՛ն Բիշարյան, դրանք հանրահայտ տվյալներ են, և պարզ է, որ զոհերից ոչ մեկը զինված չի եղել: Ակնհայտը ինչո՞ւ չեք ուզում ասել»,-ասել է նա: