Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ՝ մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:
Կարեն Կարապետյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:
Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:
Կարդացեք նաև՝ Վաղը 11.00-ից հավաքվում ենք՝ շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին: Նա նշեց, որ այսօր առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վաղը նստել բանակցային սեղանի շուրջ 3-3 ֆորմատով:
«Պլանավորված էր, որ վաղը 11։00-ին պետք է շարունակվեին բանակցությունները ՀՀԿ-ի հետ և ես այսօր Կարեն Կարապետյանին, Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասարյանին առաջարկել եմ, որ բանակցությունները շարունակվեն վաղը 3-3 ֆորմատով, և ՀՀԿ-ից հենց նշված 3 ներկայացուցիչները մասնակցեն քննարկումներին, և հաջորդ պայմանը, որ ամբողջ բանակցությունները տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ինչով է սա կարևոր, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին ենք խոսում մենք։ Այս պահի դրությամբ ես ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չեմ ստացել»- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ բանակցությունների ընթացքում օրակարգում պարտադիր պետք է լինեն իրենց կողմից հիշատակված բոլոր 4 կետերը: