Այսօր ԱԺ-ում լրագրողները փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանին խնդրեցին մեկնաբանել ադրբեջանական զորքերի՝ Նախիջևանի տարածքում դիրքային առաջխաղացման մասին տեղեկությունները:
Արմեն Պապիկյանն ասաց, որ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, մինչ Արցախի Հանրապետություն մեկնելը, այց էին կատարել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին.
«Այն տեղեկատվությունից բացի, որը տրամադրել է պաշտպանության նախարարությունը, այլ բան ավելացնել չեմ կարող»:
Այն հարցին` հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերի դեպքում Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, փոխարտգործնախարարը հիշեցրեց.
«ՀԱՊԿ-ի հետ ունենք հստակ պայմանագիր և պայմանավորվածություններ, և թեորետիկ խոսել մի դեպքի մասին, ինքը կդժվարանա:Կա պայմանագիր, կան պայմանագրի կետեր, և պայմանագրի կետերը պետք է կիրառվեն»:
Հիշեցնենք, որ Նախիջևանում դիրքային փոփոխությունների թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք»,- գրել էր նա: