«Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր, մի քանի ամսվա մեջ քանդուքար են եղել: Ես չեմ կարող այդ մասին չասել, դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ: Այս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա։ Տարբերություն չկա, եթե խոսքը նույնիսկ իմ մասին է:
Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, մարդկանց աչքերին ուղիղ նայելուց, ուրեմն մեր ամբողջ կյանքը, գործունեությունը, այս ամեն ինչն անիմաստ է: Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք։ Դա կլինի դավաճանություն, պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ»,-այս մասին այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց միակ թեկնածու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կոռուպցիայի հետ առնչություններ ունեցած ու թաթախված որևէ պաշտոնյա չի կարող ՀՀ-ում պաշտոն զբաղեցնել, երկրորդ՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդ՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տվածները չեն կարող աշխատել»:
Կարդացեք նաև՝ Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է. Նիկոլ Փաշինյան