Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումներին ու Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին:
«Եթե դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղսղությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»:
Հարցին, թե արդյոք սպասվում է հայկական կողմի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին, որը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա: Այսինքն ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Դա նորություն չէ, նախկինում էլ դա տեղի ունեցել է եւ այս գործելակերպը կշարունակվի: Համենայնդեպս, մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց, պատրաստվում ենք հետեւողականորեն, նաեւ գործընկերության միջավայրում պաշտպանել ՀՀ ազգային շահերը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու հենց նրա հետ քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ փակ ֆորմատով անցկացրած քննարկումների բովանդակությունը։ Սրա մասին արտահայտվելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջելու և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի նախագահներից։
Կարդացեք նաև՝ Փողոցային ժողովրդավարությունն ընդունելի չէ մեծ քաղաքականությունում. Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը