Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն քրեական անցյալ ունեցող անձանց։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Դրանցից ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ շարունակ զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,– ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Մանուկյանը դեսպանատունը ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահերին, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ուկրաինայում ՌԴ դեսպանի հետ, նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով, և դա է պատճառը, որ 2014թ. Մայդանի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ–Ուկրաինա հարաբերությունները հասել են «ողբերգական վիճակի»։
Պատգամավորն անդրադարձավ նաև Վրաստանում ՀՀ դիվանագիտական առաքելությանը։ Նա հիշեց, որ երբ ՀՀ իշխանությունները փորձեցին Կովկասի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանին Վրաստանում դեսպան նշանակել, աղմուկ բարձրացավ, քանի որ Վրաստանի իշխանությունները կարծում էին, որ նրա նշանակման նպատակը իրենց երկրում ՌԴ շահերն առաջ մղելն է։ Դրանից հետո Մինասյանին դեսպան նշանակեցին Ռումինիայում։
«Դրանից հետո Վրաստանում Սերժ Սարգսյանի կողմից դեսպան նշանակվեց և մինչև օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը։ Տպավորություն է, որ ՀՀ դեսպանատները այդ երկրներում Ռուսաստանի կցորդներն են»,– ասաց նա։
Պատգամավորը քննադատեց նաև ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին՝ նշելով, որ նա 1992–ից Հայաստանում չի բնակվել, հետևաբար չի կարող Հայաստանի շահերը ներկայացնել այդ երկրում, իսկ նրա նշանակումը կապված է Սերժ Սարգսյանի մերձավորների և Ռուսաստանի իշխանությունների միջև կոմերցիոն հարաբերությունների հաստատմամբ։
Բաբաջանյանը քննադատեց նաև ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան, իր «ջայլամի և իներտ քաղաքականությամբ» աչքի ընկած Գրիգոր Հովհաննիսյանին արտգործնախարարի դեսպան նշանակելու՝ ներկայիս իշխանությունների որոշումը։