▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանի ընտրությունների մասին

 

 

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ կուսակցության թեկնածուի պարտությունը Աբովյան քաղաքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչ վերաբերվում է ՔՊ թեկնածուի պարտությանը. մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Այնպես որ ՀՀ-ն եւս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում՝ իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- ասաց վարչապետը: Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, ճնշում բանեցնելու նպատակով քրեական գործեր են հարուցվել, վարչապետը արձագանքեց. «Քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պիտի քրեական գործերի բովանդակությունն իմանաք եւ համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի»։

Հարցին, թե մարզպետն ասում էր, որ հեղափոխությունն Աբովյանում տեղի չի ունեցել, ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, վարչապետը պատասխանեց. «Ինքը մի բան է նկատի ունեցել, այլ կոնտեքստում է, կարծում եմ, ասել»: Հարցին, թե սա իր վարկանիշի խնդիրն է, Փաշինյանը պատասխանեց. «Տեսեք, օրինակ՝ ուղիղ 1 տարի առաջ, հեղափոխությունից 2 ամիս հետո, մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, ճի՞շտ է: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Այդ բանը ես նախկինում էլ ասել եմ, եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ որ ամեն ինչ արվում էր, որ սկսած ժեկի պետի թեկնածուից, մինչեւ որեւէ թեկնածու հանկարծ իշխանության կուսակցության ներկայացուցիչը հաղթի: Այս ընտրություններում, ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը եւ հաղթում է ժողովուրդը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի սկզբանե լրագրողներին ասվել էր, որ վարչապետը 3 հարցի կպատասխանի, այդ հարցերին պատասխանելուց հետո վարչապետին դարձյալ հարցեր սկսեցին ուղղել, ի պատասխան նա կատակեց. «Այն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, ոսկե ձկնիկն ասում է՝ 3 ցանկություն ասեք, այս մարդն էլ ասում է՝ ուզում եմ Մերսեդես S դասի, բնակարան՝ քաղաքի կենտրոնում եւ 5 մլն դոլար, էս մեկ: Հիմա ձեր պատմությունն է, 3 հարցը տվեցիք, թողեք գնամ»:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում ԿԸՀ նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը, որը ստացել է 8453 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին