«Չալմը դանգը» Մուսա Լեռան հարսանեկան ռազմապարը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կատարմամբ, առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց օրեր առաջ՝ «Զորավար» ռազմահայրենասիրական համերգի շրջանակներում:
Իսկ առաջին բեմելը տեղի է ունեցել Նիդերլանդներում՝ սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին:
««Չալմը դանգը» իրականում զուգապար է եղել: Երբ հարսին տնից դուրս էին հանում, փեսայի ընկերները՝ ազապները, այլ կերպ ասած՝ «թիկնազորը», պարում էին հարևան տան կտուրներին: Դանգը նշանակում է դանակ, չալմը՝ ինքնացուցադրում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պարի խորհուրդն այսպես մեկնաբանեց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով.
«Հաճախ եղել են դեպքեր, երբ հարսին հանել են տնից, թուրքերը, քրդերը փախցրել են: Քանի որ հայերը շատ դեպքերում իրավունք չունեին զենք կրելու, այս եղանակով ցույց էին տալիս, թե ինչպես են տիրապետում զենքին: Պարում էին զույգ-զույգ՝ իրար դիմաց և կարծես թե միմյանց էին ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցույց տալիս, որպեսզի հայոց օջախներում սրբապղծություն չլիներ»:
Պարը ջերմ ընդունելության է արժանացել նաև Հաագայում:
Գագիկ Գինոսյանի խոսքով՝
«Համերգներից մեկին, որ նվիրված էր ՀՀ Անկախության օրվան, հրավիրված էին Հոլանդիայում առաքելություն իրականացնող բոլոր դեսապանները: Առաջին անգամ բեմ բարձրացավ իրական զենքերով պար, ոչ թե կովկասյան պարերի վերարտադրություն՝ հայական կերպարանք տված, ինչպես ընդունված էր խորհրդային տարիներին: Օտար դեսպաններից շատերը նշեցին, որ մեր պարերը մեծ էներգետիկ ուժ ունեն և եվրոպական պարերի հետբ համեմատելու չեն: Դեսպաններից մեկը նշեց, որ երբ ես դաշույններով բեմ եմ բարձրացել, մի պահ հիասթափվել է՝ մտածելով, թե կովկասյան պարերի նման ագրեսիա է լինելու, որ այդքան էներգետիկ հզոր դրական դաշտից հետո հայկական պարն էլ իր ագրեսիվ դեմքը պիտի ցույց տա: Սակայն, ինչպես ինքն էր ասում, պարադոքսալ բան է նկատել: Նրա խոսքով՝ ես հասկացա, որ նույնիսկ դաշույններվ կարելի է ագրեսիվ չլինել: Բացի ներքին հզոր ուժից, ուրիշ բան ես չնկատեցի»:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութերում՝ «Չալմը դանգը» պարը՝ Հայաստանյան և Հոլանդիայի բեմերում