hetq.am-ը հրապարակել է դերասան Վարդան Պետրոսյանի` «Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…» վերնագրված նամակը, որ նա գրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր» հաղորդման մարտի 16-ի թողարկումը դիտելուց հետո:
Հատվածներ այդ նամակից, իսկ այն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում.
...Հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել, «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:
Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել:
Այս մասին Հակոբյանները հրաշալի գիտեին և լռեցին…
…Ես հինգ ամիս շարունակ լռել եմ՝ շատերին զարմանք պատճառելով, չեմ խոսել (բացառությամբ մեկ հարցազրույցի), որովհետև Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ: Այո՛, ամեն ինչից բարձր:
Բայց դատարանում բոլոր հարցերի պատասխանները տրվելու են. թե ինչո՞ւ մեր ձեռնարկած հաշտության քայլերը ոչնչի չբերեցին, թե ինչո՞ւ ես փաստաբան վարձեցի, ինչո՞ւ ես Ֆրանսիայից փաստաբաններ եմ հրավիրել, և ինչո՞ւ առանց նրանց հրաժարվել եմ դատական նիստից: Եվ պարզ կդառնա, որ դա ո՛չ վախ է, ո՛չ էլ շոու: Բառ, որ այնքան սիրում է գործածել Հակոբյանների փաստաբան՝ Ռ. Բալոյանը: Իսկ ինձ համար շոուն այն էր, որ նա՝ փաստաբան Ռ. Բալոյանը նախապես տեղեկացած լինելով և քաջ իմանալով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տասը րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի՝ թե տեսեք, տեսեք… ի՜ նչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա՛ էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործվում են…
...Ուզում եմ, որ փարատվի հաղորդման ստեղծած այն թյուր տպավորությունը, թե իմ կողմից մոտեցման ու հաշտության ոչ մի քայլ չի արվել: Եվ երկրորդ՝ իմ փաստաբանների «առատությունը» ուղղված է ոչ թե Հակոբյանների ընտանիքների դեմ, այլ արդյունքն է դատաքննչական մարմինների՝ իմ դեմ կիրառած անօրինական գործողությունների և ուղղված է պաշտպանելու ինձ: Ես ոչ մի թշնամանք չեմ տածում ոչ մեկի հանդեպ և Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը: