Մայիսի 7-ին` «Արենա» բոուլինգ և բիլիարդ զվարճանքների կենտրոնում, տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանն աջակցելուն ուղղված բոուլինգի` «Օգնե՛ք` զվարճանալով» բարեգործական առաջնությունը:
Իրար հետ մրցեցին «HSBC բանկ Հայաստան», «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի», «Իմեքս Գրուպ», «Բեկոն Պրոդուկտ» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների թիմերը, որոնք միավորվել են կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու գաղափարի շուրջ:
Հանգանակված ամբողջ գումարը կուղղորդվի Երևանի և Վանաձորի Օրրանների երեխաների և տարեցների մեկամսյա սննդի ծախսերը հոգալուն: Շնորհակալություն ենք հայտնում մասնակից կազմակերպություններին, որոնք միշտ կանգնած են Օրրանի կողքին և միշտ մեծ աջակցություն են ցուցաբերում Օրրանի նմանատիպ նախաձեռնություններին:
«Այս առաջնությամբ «Օրրանը» մեկնարկում է «Օգնե՛ք՝ զվարճանալով» ժամանցային միջոցառումների շարքը, որը նպատակ ունի ձևավորել բարեգործության էապես նոր մշակույթ, ինչպես նաև դրամական միջոցներ հայթայթել մեր սաների և տարեցների կարիքները հոգալու համար», - նշեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
Թեժ մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության թիմը: Առաջնության վերջում մասնակից ընկերությունների թիմերը Օրրանի երեխաների կողմից նվեր ստացան վերջիններիս կողմից պատրաստված օրվա խորհրդանիշ կավե կեգլիներ:
Հիշեցնենք, որ «Օրրանը» հիմնադրվել է 2000 թվականին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ երեխաների և ծերերի շրջանում մուրացկանության և աղքատության վերացման առաքելությամբ:
Այս նախաձեռնության ինֆորմացիոն հովանավորն է Asekose.am լրատվական կայքը: