▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ կա, որ հրճվում է իր ադամանդե զարդերով, իսկ ես` իմ բարի գործերով. Արմինե Հովհաննիսյան

Այսօրվանից Վանաձորի «Օրրան» կենտրոնում, աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի աջակցությամբ, մեկնարկում է  կարիքավոր մեծահասակների օգնության ծրագիրը: 

«2 տարի առաջ գեղեցիկ շենք կառուցվեց Վանաձորում, ուր աջակցություն և հոգածություն ստացող  երեխաների թիվը հասել է 80-ի և, հուրախության մեզ,  Սերժ Թանկյանի ու նրա կնոջ նվիրատվությամբ` այստեղ սկսում է նաև  մեծահահասկաների ծրագիրը»,-բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։

Առավոտյան  «Օրրան» են   գալիս մեծահասակները, ստանում տաք սնունդ, հոգեբանական և այլ ծառայություններ,  ապա գալիս են կարիքավոր երեխաները տարբեր դպրոցներից: 

«Ուսուցիչների, կամավորների միջոցով երեխաները կատարում են տնային աշխատանքները, իսկ, հետո, քանի որ «Օրրան»-ում կան փոքրիկ ծրագրեր, նրանք տարբեր արհեստներ են սովորում: Օրինակ, կան երիտասարդներ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո չեն շարունակել իրենց ուսումը, ուստի իրենց նախընտրությամբ սովորում են որևէ մասնագիտություն. ասենք` վարսահարդարություն: Հետո գնում ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է երիտասարդին` սովորելուց հետո աշխատելու համար»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը։

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրի խոսքով` Հայաստանում աղքատության և գործազրկության  չափն ահռելի է դարձել, իսկ ամենավատն այն է, որ ամբողջ հոգսն ու ընտանիք պահելու ողջ բեռն ընկնում է կանանց վրա, քանի որ  տղամարդիկ չեն կարողանում դիմակայել այս դժվարություններին:  

Անդրադառնալով բարեգործությանը` Արմինե Հովհաննիսյանը նշեց.

«Բարեգործությունը չի սահմանվում նյութականով: Եթե երեխան ընկնում է, նրան գրկում և հանգստացնում ես` դա արդեն բարի գործ է: Բարի գործի սահմանումն անսպառ է: Ինձ համար բարեգործությունը քո խիղճն է, խղճիդ կանչը և քո հնարավորութունը»:

Նշենք, որ շուտով կլրանա «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադրման 14 տարին:

«Տարիներ առաջ մենք նման կազմակերպություն հիմնելու միտք չունեինք, սակայն երբ տեսանք, որ փողոցում հայ կարիքավոր, դրամ մուրացող երեխաներ կան, ես ու Րաֆֆին մտածեցինք, որ մեր ընտանեկան միջոցներով կարող ենք գոնե 15 երեխայի կարիքները հոգալ: Այդպես էլ սկսեցինք... »,-պատմել է Արմինե Հովհաննիսյանն ու ավելացրել.« Բարեգործություն եմ անում, որովհետև ես եսասեր մարդ եմ: Բարեգործությունն ինձ տալիս է կյանքի իմաստ: Երբ մեկը հրճվում և հպարտանում է իր ոսկե-ադամանդե զարդերով, ես էլ հրճվում եմ իմ կատարած բարեգործությամբ...»


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին