Առողջությունը մարդկանց համար ամենակարևորն է, իսկ դրա պահպանումը ամենադժվարը, ինչին հասնելու համար շատ կարևոր է տեղեկացված լինելը:
Հենց այս կարծիքին է բժշկական PR-ի և մարքեթինգի տարվա լավագույն մասնագետ Արման Խարազյանը, ով նաև, մարդկանց սեփական առողջության մասին հոգ տանելու, տարբեր առողջապահական խնդիրների մասին իրազեկելու ու տեղեկացնելու համար, համապատասխան բժշկական հեռուստանախագծով է հանդես գալիս:
«Ընդհանրապես մեր հասարակության մեջ բժիշկների նկատմամբ վստահության աստիճանն այնքան էլ բարձր չէ, ինչը լուրջ խնդիր է: Այս պատճառով արժի նաև հեռուստաեթերից նպաստել հիվանդ-բժիշկ հարաբերությունների զարգացմանն ու փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշում է Արման Խարազյանը:
Շուրջ մեկ ամիս է, ինչ այս առաքելությունն իրականացնելու նպատակով Արմանի և 21 TV-ի ստեղծագործական թիմի ջանքերով եթերում է «BIO-Ռիթմ» բժշկական հաղորդումը, որն անդրադառնում է տարբեր հիվանդությունների, բժշկության վերջին ձեռքբերումներին և այս կերպ փորձում է հասարակությանն օգնել` զարկերակը միշտ սեփական բիոռիթմին պահել:
«Ինձ թվում է մարդկանց առողջության մասին հաղորդաշարը չարժի շոուի վերածել, այդ իսկ պատճառով փորձում ենք ունենալ թեմատիկ հաղորդումներ, բժիշկների հետ հարցազրույցներ, որոնց միջոցով ամբողջական անդրադառնում ենք մի հիվանդության ու, բնականաբար, առաջարկում ենք, դրա բուժման ու կանխարգելման մեխանիզմները»,-հավելում է բժշկական PR-ի մասնագետը:
Հենց այս ոլորտի առանձնահատկությունների, բժիշկների հետ տեսախցիկի դիմաց աշխատելու նրբությունների, հեռուստաեթերում գործելու և արտահայտվելու ազատության սահմանների, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արման Խարազյանի հետ հարցազրույցի հեռուստատեսային ամբողջական տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում: