Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրերն են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները: Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ողջ համացանցը քննարկում էր Անուշ Արշակյանի «Առավոտ»-ին տված հարցազրույցը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստի վերաբերյալ, ում հասցեին քույրերից Անուշն ասել էր` ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները:
Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Անուշը մեկնաբանեց իր հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը.
«Իմ հարգանքը դեպի լրագրողը, բայց հարցադրումն արդեն իսկ սխալ էր, որովհետև լրագրողը հարցրել էր, թե ի՞նչ եմ կարծում կոնչիտաների վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վնասել հայկական ընտանիքներին: Այսինքն` հարցը ենթատեքստ ուներ: Ինչին ես պատասխանեցի, որ իմ բացասական վերաբերմունքը ուղղված էր Կոնչիտայի բեմական կերպարին: Լինելով ժյուրի անդամ` գնահատում էի ոչ միայն երգը, այլև բեմական կերպարը, արտիստի ընտրած անունը և այլն: Եթե ինչ-որ մարդիկ վիրավորվել են, մտածելով, որ ես իրենց նկատի ունեմ, խոնարհաբար ներողություն եմ խնդրում, ես միտք չունեի վիրավորել սեռական փոքրամասնություններին, ոչ էլ տրանսվեստիտներին, առավել ևս` հոգեկան խնդիրներով մարդկանց: Մտքի սխալ ձևակերպում և թյուրիմացություն է տեղի ունեցել, որովհետև աղմուկ էր, իսկ մենք էլ գերլարված էինք: Ես ցավում եմ դրա համար»:
Այնուհետև զրույցին նաև միացավ Ինգա Արշակյանը.
«Մենք հակակրանք ունենք հենց Կոնչիտայի բեմական կերպարի հանդեպ: Թե բեմից դուրս ինքն ինչ է անում, դա մեզ չի հետաքրքրում, մենք գնահատել ենք իր երգը և բեմական կերպարը: Մենք աշխատել և շարունակում ենք աշխատել տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հետ, որոնք շատ լավ մարդիկ են և որոնց կարող ես վստահել»: