Նախօրեին՝ մի քանի ժամ շարունակ, թշնամին կրակել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:
«Ոչ միայն երեկ են կրակել, այլ հունիսի 21-ից մինչև այսօր միայն երկու օր չեն կրակել՝ հուլիսի 7-ին և 8-ին»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը խաթարվել է, թեպետ սա նոր երևույթ չէ Չինարիում:
Սամվել Սաղոյանի խոսքով.
«Դիպուկահարը նստած կրակում է գյուղի կենտրոնի, փողոցների ուղղությամբ: Չեն թողնում խոտը հնձենք: Գիշերը՝ ժամը 3-ի կողմերն են մարդիկ գնում լուսնի լույսի տակ խոտը հնձելու: Իսկ հուլիսի 7-ին և 8-Ին անձրևային եղանակ էր, հավանաբար այդ պատճառով էր խաղաղ»:
Նախօրեին ԿԽՄԿ ներկայացուցիչները Չինարիում ականտես են եղել թշնամու կրակոցներին և Սամվել Սաղոյանի՝ խոսքով կապվել են Ժնևի հետ և տեղեկացրել:
Իսկ ԿԽՄԿ ներկայացուցիչների հեռանալուց հետո կրակահերթերը շարունակվել են մինչև 01: 30-ը:
Գյուղը կրել է նաև նյութական վնասներ: Բազմաթիվ տանիքներ են վնասվել, լուսամուտների ապակիներ: Տներից մեկի խոհանոցային գույքն է վնասվել: Գրեթե չկա այնպիսի տուն, որ որևէ կերպ տուժած չլինի: