Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին՝ կանաչ լեռների գրկում, ծվարել է խրոխտ Չինարին՝ զարմանալի ուժեղ, պինդ, ամուր ու անկոտրում սահմանապահների, սրտաբաց, համ ու հոտով մամիկների, իմաստուն ծերունիների, վառվռուն աչքերով մանուկների ու հերոս մայրերի բնակավայրը...
Ոչ գյուղամիջում խմբված զրուցող ու նարդի խաղացող ծերունիներից, ոչ էլ ջահելներից երբեք հայրենասիրական ճառեր չես լսի... հայրենի հողին նվիրվածությունն այստեղ օրինաչափություն է, որովհետև հողի իսկական տերերն են, իսկ հայրենասիրությունն արյան մեջ է... բառերով ու դատարկ խոսքերով չես արտահայտի:
Ինչպես Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն է բնորոշում՝ Չինարիում ապրելը յուրաքանչյուրի համար առաքելություն ու պատիվ է...
Այստեղ անխախտ ավանդույթ է ձևավորվել. գյուղ մտնող յուրաքանչյուր ոք նախ խոնարհվում է զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ...
Չինարին 1250 բնակիչ ունի՝ 1250 հերոս... Գյուղի վերջին տունը հակառակորդի դիրքերից 600 մետր հեռավորության վրա է, գերեզմանոցը՝ 700, մանկապարտեզը՝ 800: Ու հաճախ ադրբեջանցին անգամ թաղման թափորի ուղղությամբ է կրակում…
«Հրադադարից հետո առ այսօր Չինարիում կրակոցները չեն դադարել: Միշտ էլ թշնամին իր հենակետերից կրակի տակ է վերցնում գյուղը՝ հատկապես հողատարածքները: Երբեք թույլ չեն տվել, որ խաղաղ աշխատենք: Շուրջ 700 հա հողատարածք ունենք, որ գտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Ցավոք, չի մշակվում: Մշակվում է միայն ներքևի հատվածը, որովհետև փոքր-ինչ ապահով է»,- Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կազմկակերպած ուխտագնացության շրջանակներում Չինարի այցելության ժամանակ ասաց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչները լավ են տիրապետում պաշտպանվելու եղանակներին:
«Վտանգավոր են հատկապես առաջին գնդակները, առաջին կրակոցները միշտ անակնկալ են սկսվում և կարող են վնասել ցանկացածի: Դրանից հետո բոլորը գիտեն պաշտպանվելու եղանակները: Ի ուրախություն մեզ՝ բնակարանների 80 տոկոսը մեջքով դեպի հենակետերն են: 20 տոկոսն է դիմային, և հենց այդ թաղամասերն էլ հաճախակի վերցնում են նշանառության տակ: Սակայն այս պայմաններում անգամ մենք կարողանում ենք ապրել, արարել: Վերջին ամիսներին չթողեցին, որ անգամ հանգուցյալներին հուղարկավորենք: Կրակեցին թափորի վրա, ստիպված էինք գիշերը հուղարկավորել:»,-նշում է Սամվել Սաղոյանը:
Մանկապարտեզն ունի 28 երեխա, դպրոցը՝ 119 աշակերտ: Ինչպես գյուղապետն է փաստում, չինարեցիները երբեք պատերազմի ժամանակ վախից չեն փախել, սակայն քանի որ անհնար է հողատարածքները մշակել, հոգալ ընտանիքի հոգսերը, հաճախ մեկնում են արտագնա աշխատանքի:
«Մեր բանակը միշտ կանգուն է, տղաներն արժանի պատասխան են տալիս, բայց թշնամին ցանկացած պահի կարող է անակնկալ վնաս հասցնել: Անցած տարի համարաձակություն ունեցանք վերևի հողատարածքներն օգտագործել: Պատկերացնու՞մ եք, կոմբայնավարը զրահաբաճկոնով և սաղավարտով գնաց, որ արտը հնձի»:
Ի դեպ՝ գյուղի առաջնային խնդիրներից մեկը կոմբայնի բացակայությունն է:
Պարոն Սաղոյանը որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից նախ առանձնացնում է խաղաղությունը...
«Սոցիալական խնդիրները շատ են, սակայն ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ հանգիստ, առանց վախենալու կառչեն իրենց հողին, մշակեն: Ես տղաներիս ստիպում եմ, որ աշխատեն, հող մշակեն, որ օրինակ ցույց տանք բոլորին »:
Տարվա սկզբից Չինարիում ընդամենը 2 երեխա է ծնվել.
«Բայց սպասում ենք նոր երեխաների, ես էլ եմ պապիկ դառնալու»,- եզրափակում է Սամվել Սաղոյանը:
***
«Ամենակարևոր խնդիրն այն է, որ չենք կարողանում մեր հողերը մշակել, մեր ընտանիքների հոգսը հոգալ: Որ կարողանանք արտերը հնձել, հացը վաստակել, ամեն ինչ այլ կերպ կլինի: Հնարավորություն չեն տալիս գյուղացուն ապրել: Հողերի հիմնական մասը թողել ենք»,-ասում է Չինարիի բնակիչ 65 ամյա Սամվել Պետրոսյանը, ապա հավելում.
«Մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ գործից փախած ենք, հիասթափված: Չի ստացվում աշխատել, հնարավորություն չկա: Առաջին խնդիրը դա է»:
«Պետության կողմից հոգածություն կա՞ սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ»,- հարցիս պատասխանը հրաշալի իմանալով՝ դիմում եմ զրուցակցիս:
«Պետությունը քիչ թե շատ փորձում է մեր հոգսերը հոգալ, բայց անբավարար է, քիչ է: Գործարաններ կան, մթերքը հանձնում ենք՝ հատկապես խաղողը: Քանի տարի է՝ խաղող եմ մշակում, բոլոր ապրանքների գինը բարձրացել է, բայց խաղողը տեղից չի շարժվում: Դե գյուղացին ոնց ապրի, ասեք...»,- ասում է զրուցակիցս ու շարունակում.
«Ջահելները տեսնում են հնար չկա ապրելու, գնում են արտագնա աշխատանքի, բայց սեզոնային, Աստծուն փառք, ջահելները գալիս են... Այս իրավիճակում պետք է միասնական լինենք, հարգենք իրար ու հզորանանք, մեզ դա կփրկի»:
«Գյուղացու նկատմամբ ուշադրություն չկա, շատ անտարբեր են. Ինչ կլինի, կլինի: Չեն մտածում: Տանը նստած հաց եմ ուտում, կրակում են... թևերս թուլանում են, բայց կինս չի վախենում (ժպտում է): Իսկ հենց մեր տղերքը պատասխանում են, մեր տանը սկսում եմ պարել»,- ասում է Վոլոդյա Միրզոյանը:
Իսկ 77-ամյա Վոլոդյա Առուստամյանը, ով իր խոսքով՝ ահեղ դարի, ահեղ ամսվա ծնունդ է(Ծնվել է 1937 թվականի փետրվարին), նշում է, որ ամեն ինչ կարող է լավ լինել, բայց շատ են կրակում:
-Պապի, դրսում մարդ ունե՞ք,- նորից պատասխանն ունենալով՝ հարցնում եմ.
-Բա լրիվ դրում են էլի, մենք մարդ ու կնիկ ենք ստեղ:
-Շա՞տ են կրակում:
- Որ ասեմ, հավատալու՞ եք: Օր ա լինում՝ շորերով ենք քնում:
- Իսկ ի՞նչ կուզեիք, որ փոխվեր...
-Ուզում եմ՝ մեզ հարկից, տուրքից ազատեն, օգնեն...
Հ. Գ. Չինարիում զարմանալու առիթները շատ են՝ հատկապես առաջին անգամ գյուղում հյուրընկալվողների համար: Եթե փորձի համար մոտենանք որևէ մեկի և հարցնեք գյուղապետի մասին, ամեն ինչ պարզ կդառնա... մեծ ու փոքր յուրօրինակ սիրով ու ջերմությամբ են արտահայտվում նրա մասին: Եվ այդպես՝ բոլորը:
Արդեն առանձին զրույցում ձեռքի կոշտուկները ցույց տալով՝ Սամվել Սաղոյանն ասում է.
« Ես գյուղացի մարդ եմ, հող եմ մշակում, ծառ եմ տնկում, իմ տղաներին ստիպում եմ, որ հող մշակեն... ես իմ ու իմ տղաների օրինակով եմ փորձում ցույց տալ բոլորին, որ պետք է ապրենք մեր գյուղում ու շենացնենք հողը, գիտեմ, որ կհետևեն իմ օրինակին:
Ուխտագնացությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Նախորդ հրապարակումը կարող եք կարդալ այստեղ.
Սահմանն անառիկ է և անխորտակելի. 140 ուխտավորներ այցելեցին սահմանամերձ գյուղեր
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան