▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո աչքի միջի գերանը նախ հանիր...Կարգալույծ եղած քահանայի նամակը Կաթողիկոսի եղբորը

 

Երեկ ամբողջ օրը թեժ էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Մարտիրոս Բերբերյանի ֆեյսբուքյան էջը: Տասնյակ մոսկվահայեր իրենց զորակցությունն էին հայտնում կարգալույծ եղած հոգևորականին: Նշվում է, որ Տեր Մարտիրոս Բերբերյանը կարգալույծ է եղել եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով: 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և  այս տարվա մայիսին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Մարտիրոս Բերբերյանը նամակ է գրել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որը ներկայացնում ենք ստորև:

Նամակը` դասական ուղղագրությամբ է: 

Հիշեցնենք, որ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրն է, իսկ  Տեր Մարտիրոս Բերբերյանը կարգալույծ է եղել եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով: 

 

 

«Գերաշնորհ Սրբազան Հայր,

 

Արդէն անցել են չորս ամիսներ այդ չարաբաստիկ ապօրինի տնօրինումից, որը ստորագրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ձեր իսկ խնդրանքով: Ես չեմ ուզում անդրադառնալ այս տնօրինումի ապօրինութեան հարցին, որովհետեւ բազմիցս թերթերով ու յօդուածներով բացատրած եմ այդ ամէնը։

Ինչպէս տեսնում ենք, Դուք եւ Վեհափառ Հայրապետը քամահրական քաղաքականութիւն էք վարում՝ չպատասխանելով ոչ մի նամակներու եւ կոչերու: Սա հասկնալի է, որովհետեւ պատասխան չունեք:

Հաւատացեալ ժողովուրդը նամակներով դիմեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմական խորհուրդին՝ պահանջելով բացատրութիւն իմ հանդէպ եղած ապօրինի մեղադրանքներու եւ կարգազրկումի վերաբերեալ, բայց դժբախտաբար ոչ մի պատասխան չստացանք: Մենք քաջ տեղեակ ենք, որ նոյնիսկ թեմական խորհուրդի ընդհանուր նիստ չի եղել եւ չի քննարկուել իմ հարցը, նոյնիսկ այդ կիսատ պռատ նիստին մասնակցողները չեն էլ իմացել որ խնդրոյ առարկայ անձը ես եմ: Ես հանդիպեցայ այդ նիստի մասնակիցներէն մէկի հետ, եւ նա ապշած ըսաւ, թէ չէր իմանում որ իմ հասցեին էին ուղղուած այդ զրպարտութիւնները:

Սրբազան հայր, փաստերու շարքը շատ երկար է, մարդիկ կուրօրէն հաւատացել են ձեր խօսքերուն եւ ստորագրել այդ նամակը: Ինչ որ է, մեղքը գործողները անպայման կստանան իրենց պատիժը Աստուծմէ։

Հաւատացեալները նամակներ գրեցին Թեմական խորհուրդի անդամներին, մէկ առ մէկ: Ըստ հաւաստի աղբիւրներից ստացած տեղեկութիւնների՝ թեմական խորհրդի անդամները մեծ մասամբ զարմացած էին, որովհետեւ իրենք անտեղեակ էին, նոյնիսկ կարգ մը անդամներ ձեզ նամակ եւ սկաւառակ էին ուղարկել, ուր հաւատացեալները վկայում են «իմ յարիր քահանայագործութեան մասին», հարցնելով, որ այս ի՞նչ է։ Ես չեմ ուզում աւելի խորանալ այս հարցում, որովհետեւ կարելի է մի գիրք գրել այս ապօրինի որոշումի մասին։

Դուք պատճառաբանել էք, թէ իմ վարքը քահանային յարիր չէ, եւ դրա համար խնդրել էք թեմական խորհուրդի միջոցաւ ինձ կարգազրկել: Սրբազան Հայր, արդեօ՞ք դուք հարցուցեր եք հաւատացեալ ժողովուրդին իմ վարքի մասին, որոնք իմ քահանայական ձերնադրութեան օրը վկայել են, որ ես արժանի եմ քահանայութեան, եւ այդ օրուայ Առաջնորդ Սրբազանը ինձ ձեռնադրել է: Դուք որ շատ «կը սիրեք» կանոններով խօսել, արդեօ՞ք եկեղեցական կանոնը կը թոյլատրէ առանց ժողովուրդի վկայութեան ձեռնադրել եւ կարգազրկել Քահանային։ Դուք ոչ միայն չէք հարցրել ժողովուրդի կարծիքը, այլ աւելին՝ անտեսել էք այն եւ անտեսում էք հաւատացեալ ժողովուրդին, որոնք կազմում են Եկեղեցին, ինչպէս նաեւ նրանց նամակներն ու խնդրանքները: Մինչեւ ե՞րբ պիտի անտեսուի պարզ ժողովուրդը, եւ պիտի յարգուին հարուստները. շատ սխալ քաղաքականութիւն է սա: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս ըսաւ. «Եթէ ողորմութիւն ընես, աջ ձեռքդ չգիտնայ, թէ ձախը ինչ կ’ընէ»: Սակայն Դուք նուիրատուներու անուններն էք գրում եկեղեցուոյ պատերի վրայ, անոնց եկեղեցուոյ դասին մէջ էք նստեցնում, շքանշաններ էք տալիս, եպիսկոպոսական գաւազան նուիրողին խորան էք բարձրացնում եւ գովաբանում. սա՞ է Քրիստոնէութիւնը: Դուք այդ մարդկանց գայթակղութեան էք տանում` փառաբանելով զիրենք։ Սա՞ է Քրիստոսի պատուիրանը, սա՞ է Քրիստոսի ուզած խոնարհութիւնը, երբ Իր մարմնի անդամները բաժնուած են երկուքի՝ հարուստի եւ աղքատի։ Դուք որպէս եպիսկոպոս պիտի քարոզէք ժողովուրդին եւ պահպանէք Քրիստոսի խօսքերը, եւ ոչ թէ գայթակղութեան պատճառ դառնաք` գովաբանելով հարուստներուն։ Եթէ հաւատում էք, որ Եկեղեցին Աստուծոյ տունն է եւ Քրիստոսի մարմինը, հաւատքով առաջ գացէք, եւ Սուրբ Հոգին ամէն ինչ ալ կ’ապահովէ։ Վստահութիւն է պէտք առ Աստուած, ոչ թէ մեր անձերուն վստահիլ։

Նաեւ կ’ուզեմ իմանալ, Հայ Եկեղեցուոյ ո՞ր կանոնի համաձայն կարելի է չօծուա՛ծ եկեղեցուոյ մէջ խորհուրդներ կատարել: Այսօր արդէն չորս տարի է, որ Սուրբ Պայծառակերպութիւն եկեղեցուոյ մատուռին մէջ կատարւում են Մկրտութեան եւ Պսակի խորհուրդներ, առանց մատուռը օծուած ըլլալու. նոյնիսկ վէմ քար չկայ խորանին վրայ։ Սա՞ է ձեր կարգապահութիւնը եւ կանոններու հսկողութիւնը։ Ո՞ր կանոնն է թոյլ տալիս քահանային ծառայել, երբ անոր վրայ քրէական գործ է յարուցուած ու երկու տարով զրկուած Ֆրանսայի Նիս քաղաքի շրջանը մտնել։ Հարցերու շարանը մեծ է, ես կարծում եմ որ Դուք լաւ էք հասկանում, որ տէր Մարտիրոսը Հայ Եկեղեցուոյ վատ «վիրուսը» չէ, ինչպէս յայտարարել էիք եկեղեցուոյ մէջ հաւատացեալ տատիկներին, որ, եթե կարգազրկենք անոր, Եկեղեցին կը փրկենք։ Հիմա փրկեցի՞ք Եկեղեցին:

Ես նաեւ Ձեր ուշադրութեանը կ’ուզեմ յանձնել այն ոչ մարդկային ձեւը, որով Դուք Վեհափառի հետ կարգազրկեցիք զիս: Ես գիտեմ որ քահանան ոչ մի արժէք չունի Ձեզ համար, նա պարզ «աշխատող» է եւ կարելի է նրա հետ վարուիլ ինչպէս որեւէ մեկի հետ փողոցում: Նոյնիսկ քաղաքավարի մարդիք փողոցում այդպէս չեն վարուիր, ինչպէս Դուք վարուեցիք ինձ հետ: Այդ ի՞նչ վերաբերմունք էր, երբ Ապրիլի երեսունին ես ձեզ հետ եկեղեցուոյ դրան դիմաց հանդիպեցի, շատ սիրալիր խօսեցինք, եւ դուք ինձ ասացիք, թէ ամէն ինչ լաւ կը լինի, եւ ճիշտ չորս ժամ անց մեր հաւատացեալների զանգով իմացայ, որ ապօրինաբար կագազրկել էք ինձ: Սա հոգեւորականին յարի՞ր է. նոյնիսկ թշնամիներն այսպէս չեն վարուիր: Բայց սա ձեր մեթոտն է, կ’երեւի:

Մինչեւ այսօր ոչ մի պաշտօնական գրութեամբ անձամբ ինձ Դուք չտուէցիք կարգազրկութեան վճիռը: Այսպէ՞ս է Հայ Եկեղեցուոյ կանոնը եւ վերաբերմունքը քահանայի հանդէպ։ Դատարաններում նոյնիսկ մարդասպանութեան յանցանքի վրայ բռնուած անձին տալիս են ինքնապաշտպանութեան առիթ հասարակութեան առաջ, բայց Եկեղեցին, այս պարագային` «Դուք եւ Վեհափառը», անձնական որոշումներ առնելով յանիրաւի մեղադրում էք մարդկանց:

Եթէ ընդունէք, մենք կարող ենք Եկեղեցուոյ մէջ մի հաւաք կազմակերպել եւ գաղտնի քուէարկութիւն անցկացնել հաւատացեալ ժողովուրդի հետ եւ տեսնել, թէ քանի հոգի կը վկայէ, թէ իմ քահանայական վարքը եղել է անյարիր, բայց Դուք դա չէք անի, որովհետեւ անձանբ գիտէք, որ ինչ որ արել էք իմ հանդէպ, դա ապօրինի է։

Ես ուզում եմ մի անգամ եւս խօսել «հոգեւորականի յարիր» վարքի մասին. ես պիտի խնդրէի բոլոր հոգեւորականներէն, նաեւ բարձրաստիճան հոգեւորականներէն, որ երբ Մայր Աթոռում լինեն, մտնեն Մայր Տաճար եւ Իջման սեղանի առաջ ինքնաքննութիւն անեն, թէ իրենց հոգեւորականի կյանքը «յարի՞ր» է արդեօք, կամ ոչ, նաեւ Վեհափառ Հայրապետը, եւ յետոյ ասեն, որ տէր Մարտիրոս քահանան անյարիր վարք ունի։

Շատ երկար կրնամ գրել եւ խօսիլ բայց գիտեմ որ նորից պիտի արհամարհէք. դա արդէն ձեր գիտնալիքն է: Ես վստահ եմ որ անցնող տասնչորս տարուայ քահանայական ծառայութիւնս եղել է յարիր, եւ դա ժողովուրդը հաստատում է, բայց ժողովուրդին լսող չկայ։

Իմ կարգազրկութեան պատճառը Դուք շատ լաւ գիտէք, Սրբազան Հայր, նաեւ լաւ գիտէք որ իմ քահանայութեան վարքը միշտ ալ յարիր է եղել: Պատճառը մենք երկուքս ալ գիտենք, բայց դա այսօր չի կարելի հրապարակել, որպէսզի հայ ժողովուրդի մէջ երկպառակութիւն չլինի: Դուք Աստուածաշունչի հմուտ էք, եւ շատ լաւ գիտէք, թէ ինչու Կայէնն սպաննեց Աբելին։

Ինչպէս յայտարարել էի, ես շարունակելու եմ իմ պայքարը Քրիստոնէական ճանապարհով՝ պաշտպանելու իմ եւ ժողովուրդի իրաւունքները։

Ձեր ապօրինի որոշումները նոյնիսկ ժողովուրդը չի ընդունում, որովհետեւ մինչեւ այսօր ինձ դիմում են՝ Տէր Մարտիրոս: Սա փաստ է, որ ժողովուրդը ձեր որոշումները անտեսում է: Պէտք է մտածէք այս մասին եւ չխանդավառուէք նրանով, որ ժողովուրդը հլու հնազանդ գալիս է եկեղեցի եւ Ձեզ ընդունում։

 

Նամակս կ’ուզեմ վերջացնել Քրիստոսի խօսքերով. «Քո աչքի միջի գերանը նախ հանէ, ետքը եղբօրդ աչքի միջի շիւղը լաւ կը տեսնես»։ Տէր Մարտիրոսին կարգազրկելով`  Հայ եկեղեցին ոչ մի բան չշահեց, այլ միայն կորցրեց: Եթէ կարծում էիք, որ Տէր Մարտիրոսը սեւ ամպ մըն էր Հայ Եկեղեցուոյ գլխի վերեւ, կարգազրկելուց յետոյ ալ արեւը պիտի ծագի, եւ Հայ Եկեղեցին պիտի աւելի պայծառանայ, չարաչար սխալուեցիք: Մինչեւ արդարութիւն եւ հաւասարութիւն չհաստատուի Հայ Եկեղեցուոյ մէջ, եւ հոգեւորական ու ժողովուրդ կապը չկայանայ, ոչ մի բան չի փոխուիր։

Շատ կը ներէք, եթէ այս նամակի բովանդակութիւնը Ձեզ վիրաւորեց։ Վեհափառը եւ Դուք միշտ իմ աղօթքներուս մէջ էք, Աստուած ձեզի իմաստութիւն, ապաշխարութիւն, սիրելու եւ ներելու շնորհը տայ։ Մի մոռնաք որ դատաստանի օրը բոլորս հաշիւ պիտի տանք մեր Տիրոջ առաջ, մեր բոլոր գործերի եւ որոշումների համար։   

 

Որդիական խոնարհութեամբ`

Մատչիմ ի համբոյր Ձերդ Աջոյն

 

Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին