▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին քահանա չի լինում

Արդեն ավանդություն է դարձել ստանալ վատ լուրեր Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից: 

Վերջերս շրջանառույթան մեջ է մտել «կարգալույծ» բառը, եւ ոմանք «վարդապետում» են, որ «կարգից լուծարված»  հոգեւորականը շնորհազուրկ է, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Իրականում մարդը քահանայական շնորհն ստանում է Սուրբ Պատարագի ժամին, Սուրբ Սեղանից, ուր Տիրոջ Մարմինն ու Արյունն է, այսինքն՝ Տիրոջից, եւ այն մնում է մշտապես տվյալ անձից անբաժան մինչեւ դատաստանի օրը. եթե կարգազանց է, ապա միայն Տերը կարող է այն ետ վերցնել:
Եթե դատաստանի ժամին տվյալ անձը դատապարտվի գեհենի հրին, ապա Տերը ետ է վերցնելու բոլոր օծումները՝ դրոշմը, ինչպես նաեւ քահանայական, եպիսկոպոսական, կաթողիկոսական եւ թագավորական օծումները, եթե կան այդպիսիները, բոլոր շնորհներով հանդերձ: Վերցվելու է նաեւ Տիրոջ Մարմնի եւ Արյան բոլոր հաղորդությունները, որը երբեւիցե ստացել է մարդն իր կյանքում, ապա նաեւ մկրտությունը՝ Աստծու որդեգրությունը, Աստծու պատկերը, նմանությունը, ազատ կամքը եւ բարի անունը, որովհետեւ բոլոր քրիստոնեական անձնանուններն էլ, ըստ էության, Աստված են փառաբանում: Պատճառն այն է, որ դրանք սրբություններ են, որից զրկվում է դատապարտյալը նախքան գեհեն գնալը:
Քահանայական անունները օծման հետ են տրվում, եւ դրանք մնում են մինչեւ դատաստանի օրը: Եթե իրապես քահանան մեղավոր է եւ դատապարտվում է գեհենի, ապա օծության հետ միասին Դատավորը՝ Տերը, նաեւ անունն է վերցնում: Այսինքն՝ քահանայական անունից զրկելու իրավունքը աստվածային իշխանության մեջ է:
Օծելիս եպիսկոպոսը հետեւյալն է ասում. «Օրհնեսցի, օծցի եւ սրբեսցի ձեռք (ապա նաեւ՝ ճակատ) նուիրելոյս այս նշանաւ սուրբ խաչիւս եւ սուրբ մեռոնաւս, անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: « ...Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս» խոսքերից երեւում է, որ օծումը հավիտենական է եւ անխափան, եւ այն անարժան օծյալից կարող է վերցնել միայն Ինքը՝ Տերը, դատաստանի օրը:
Իսկ 
«կարագալույծ» արված հոգեւորականը զրկվում է միայն քահանայագործելու իրավունքից` ունենալով իրենում բոլոր շնորհները եւ օծումը: Այսինքն՝ կաթողիկոսի գրչի մի հարվածով չի վերանում այն, ինչ տրվել է Սուրբ Սեղանից: «Կարգալույծ» արված հոգեւորականը, չնայած որ զրկված է կարգ կատարելու իրավունքից, սակայն պարտավոր է ապրել ողջախոհ կյանքով, քանի որ նա Աստծու առաջեւ չի դադարում օծյալ լինելուց: Բացի այդ, օրհասական ժամին, երբ չկա մեկ այլ քահանա, պարտավոր է քահանայագործել, անկախ «կարգալույծ»-ի հանգամանքից, մարդկանց հոգիների փրկության համար:
Հնարավոր է, որ տվյալ անձը «կարգալույծ» եղած լինի զրպարտության, խարդավանքների կամ էլ թյուրիմացության պատճառով, ուստի եւ չի կարող չարությունը կամ անգիտությունը խոչընդոտ հանդիսանալ Աստծու շնորհներին:
«Կարգալույծ»-ից առաջ, որ ծայրահեղ միջոց է, կա ապաշխարություն, եւ կարգազանց հոգեւորականի վրա նախ պետք է ապաշխարանք դնել: Իսկ ավելի վաղ, պետք է ամբաստանյալին պաշտպանվելու հնարավորություն տրվի, այսինքն՝ պետք է կազմվի ատյան եւ գործը քննվի՝ ըստ կարգի:
Առաջարկում եմ կազմակերպել հասարակական լսումներ, այսինքն՝ պետք է կազմել ատյան, որում մեղադրող կողմը կառաջադրի իր մեղադրանքները, իսկ պաշտպանվող կողմը կբերի իր փաստերը, ի պաշպանություն իրեն, ապա կլսենք վկաներին, եթե կան, եւ հասարակությունը կարտահայտի իր վերաբերմունքը: 
Երբ ավագները լվանում են փոքրերի ոտքերը, փոքրերն էլ հնազանդ են լինում ավագներին, իսկ երբ ավագները հնազանդություն են պարտադրում, լինում է այն,  ինչ լինում է: Քանի որ մենք չունենք «պապի անսխալականության դոգման», ապա ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ հայրապետը կարող է սխալվել, մանավանդ որ չունենք ատյան, որտեղ կարող է հոգեւորականը գոնե պաշտպանվել, ասեմ ավելին՝ արդարանալ: 
Պաշտպանվելու հնարավորություն բոլորին պետք է տրվի, եւ Եկեղեցին դրանում պետք է օրինակ լինի աշխարհիկ կառույցների համար: Ես շարունակ ներկա եմ գտնվում Եկեղեցու այսօրվա վիճակին առնչվող վիճաբանություններում. մի մասը ամբողջովին պաշպանում է հայրապետին, մի մասն էլ՝ քննադատում է: Բայց մեկը մի հետաքրքիր բան ասաց. «Քարոզի ժամանակ հոգեւորականները ժողովրդին դիմում են ասելով՝ Եկեղեցին դուք եք, բայց երբ ինչ-որ հարցով դիմում ենք հոգեւորականին, ինչպես, օրինակ, Երուսաղեմի պատրիարքի հետ կապված խնդրով, մեզ ասում են՝ մի՛ դատիր»: 
Շաբլոն պատասխանները այլեւս չեն աշխատում, քանի որ մեր երիտասարդները սովետի ժամանակվա աթեիստները չեն այլեւս եւ Սուրբ Գիրքը գիտեն, եւ ոչ միայն Սուրբ Գիրքը: Կա՛մ պետք է ժողովրդի հետ գնալ երկխոսության, կա՛մ էլ լավ կլինի, որ որոշ հոգեւորականներ իրենք իրենց հարց տան, թե մինչեւ երբ են ձգելու այս «ռեզինը»:
Այսօր շատերի սրտում չորացել է հավատը, չկա այն ուրախությունը եւ խաղաղությունը, որ ունեինք: Եկեղեցին կոչված է աշխարհը հոգեւոր դարձնելու համար, բայց այսօր տեսնում ենք, թե ինչպես է Եկեղեցու տեսանելի մասը աշխարհականացել: Մի խոսքով աղը անհամացել է եւ ոտքի կոխան է դարձել:
Ծիսական բարեփոխումներ, Մեծ եղեռնի նահատակների սրբադասման հարց. այդ ամենը շատ լավ է, բայց մենք այսօր ունենք մի շարք ցավոտ խնդիրներ եւս, որոնք հրատապ են: Դրանցից են Ավետարանի քարոզության եւ վանական կյանքի վերականգնման հետ կապված խնդիրները:
Երկու ճանապարհ ունենք. առաջին՝ լռել եւ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, երկրորդ՝ հաղթահարել բազում դժվարություններ: Մենք Եկեղեցու եւ ժողովրդի մի մասնիկն եք: Երբ ասում են «Հայ Եկեղեցու նորագույն պատմություն», մեզ են նկատի ունենում: Մենք` այսօրվա մարդիկս, անկախ մեր կամքից, կատարելու ենք պատմական որոշում: Մեր որոշումներն էլ իրավունք ունեն գոյության:
Այլապես ստացվում է, որ մենք իրավունք չունենք խորհելու, այլ ինչ ասում են մեզ Մայր Աթոռի դիվանից, այն էլ պիտի կրկնենք: Մեր ուղեղները «լվացված» չեն եւ նոր չպիտի իմանանք, թե ինչ է կատարվում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ առանց պատճառի ոչ ոք կարգալույծ չի արվել, դա առասպել է, քանի որ տեսնում եմ որոշ մարդկանց, որոնց պետք է կարգալույծ անել եւ չի արվել, եւ ճիշտ դրա հակառակը:
Ոմանք ասում են, որ կաթողիկոսի քննադատները կատարում են օտարների քաղաքական պատվեր, որի հետ ես համաձայն չեմ, քանի որ առաջին անձը, ով պաշտոնապես քնադատել է Գարեգին Բ կաթողիկոսին, եղել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, 2000 թ., այնուհետեւ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, 2013 թ.: Չեմ կարծում, որ այս Սրբազան հայրերը, լինելով պատրիարքներ, կատարում են օտարի պատվերներ. այդպես անթույլատրելի է մտածել անգամ:

 Համաձայն եմ մի բանում, որ որոշ անձիք կոռեկտ չեն արտահայտչամիջոցների ընտրության հարցում եւ անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում`ներխուժելով անձի ներքին կյանքի մեջ: Սա խոսում է մեր ցածրակարգ կենցաղի մասին եւ ավելի շուտ սոցիալական պրոբլեմ է:

Հայոց հայրապետին պաշտպանողների մեջ երբեմն այնպիսի մարդիկ են հանդիպում, որ իրենց խոսքով ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին եւ ավելի են թշվառացնում իրավիճակը: Ըստ նրանց` Հայոց հայրապետի մասին խոսելիս պետք է միայն գովաբանել վերջինիս` հիշելով նրա մեծ գործերը, եւ որ նա դուրս է քննադատությունից: Չեմ կարծում, որ այսօրվա ինֆորմացիոն հեղեղում դա իրատեսական է:


Արամ դպիր Դիլանյան
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի դասախոս
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին