14-րդ Ամանորն է, որ երեխաները նշում են Օրրանի տաքուկ տանիքի ներքո: Բարերաների և նվիրատուների շնորհիվ ամեն տարի երեխաները հնարավորություն են ունենում իրենց ցանկություններով նամակներն ուղղել Ձմեռ Պապիկին և ստանալ իրենց ցանկալի նվերները: Այս տարի Ձմեռ Պապիկի առաքելությունը իր վրա ստանձնեց Ինեկոբանկը, որն Օրրանի 200 շահառու երեխաներին պարգևեց տաքուկ ձմեռ ունենալու հնարավորությունը՝ նվիրելով նրանց ձմեռային կոշիկներ: Ինեկոբանկը նաև հոգաց ամանորյա սեղանների սննդամթերքի ծախսերը: Տոնախմբությունը անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում: Երեխաները երգեցին բամաթիվ երգեր, Ձմեռ Պապիկի հետ շուրջպար բռնեցին գեղեցիկ տոնածառի շուրջ: Տոնահանդեսը եզրափակեց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննսիյանը՝ մաղթելով ներկաներին հաջողակ տարի, խաղաղ երկինք և անսահման սեր:
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից 2000 թ.-ին՝ Հայաստանում երեխաների և տարեցների շրջանակներում մուրացկանության տարածման դեմ պայքարելու առաքելությամբ: Արդեն 14-րդ տարին է, որ Օրրանը իր երևանյան և վանաձորյան կենտրոններում խնամքի տակ է առել ավելի քան 200 կարիքավոր երեխաների և շուրջ 90 միայնակ տարեցների: