▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոխրագույնի 50 երանգները կամ հիմարության գագաթնակետը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ կարծիքը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում մեծ անուն հանած գրքի մասին, որի անունն է «Մոխրագույնի 50 երանգները», սակայն եթե կարդանք անգլերեն անվանումը, այն է՝ “50 Shades of Grey”,ասել է թե «Գրեյի 50 երանգները» սակայն քանի, որ ռուսները թարգմանել են «50 оттенков серого», հայերն էլ տառացի թարգմանել են՝ առանց կարդալու և իմանալու գլխավոր հերոսի ազգանունը: Ինչևէ:

Ես իսկապես հիացած եմ այս գրքով, այն ուղղակի հրաշալի է:

Ասեմ ինչու: 
Սյուժեն, ինչպես գրքի բառապաշարը և, իհարկե, գլխավոր հերոսուհին, ում անունից պատմվում է գիրքը, զարմանալիորեն հիմար և անտաղանդ են: Գրքի հրաշալի է նրանով, որ այն ուղղակի համաշխարհային մասշտաբի հակատիեզերական անբարոյականություն է: Էրիկա Լեոնարդը՝սույն գլուխգործոցի հեղինակը, ցույց է տվել համայն աշխարհին, թե ինչպիսի կեղտոտ, գարշելի կենդանական մակարդակի կարող են իջնել իսկական սիրո և զգացմունքների մասին նվիրական պատկերացումները մի աղջկա մոտ, ով ինքն իրեն պարփակել է կոմպլեքսների և կեղծ մտորումների աշխարհում: «50 երանգները» գրքի համաշխարհային մեծ համբավը դարձել է ժամանակակից կանանց և աղջիկների շատ ցածր հոգևոր ներքնաշխարհի ամենաակնհայտ առհավատչյան:
Հերոսուհին մի դատարկ, իրենից ոչինչ չներայացնող իգական սեռի ներկայացուցիչ է, ուսանողուհի, ով հանդիպում է աննկարագրելիորեն գեղեցիկ և հարուստ տղամարդու, ով ունի այն, ինչի մասին վերջինս կարող էր միայն երազել:
Ներկայիս գիտական զարգացումն ու ինֆորմացիայի հասանելիությունը թույլ է տալիս իմանալ գրեթե ամեն ինչ, ձեռք բերել ցանկացած գիտելիք կամ հմտություն տանից անգամ դուրս չգալով: Սակայն հերոսուհուն ինքնակրթման, ինքնաճանաչման կամ ինքնազարգացման ուղղով առաջնորդելու փոխարեն հեղինակը նրան օժտում է սեփական անձի յուրահատկության և անկրկնելիության համոզմունքներով: Լեզուն շատ պարզ է, դյուրըմբռնելի, իսկ մատուցումը՝  կոպիտ և անհետաքրքիր:
Բայց ներկայիս մշակույթը հասարակության հայելին է՝ ամբողջական արտացոլումը: Հազարավոր, ինչու չէ, միլիոնավոր Անասթեյշաներ(այդպես է գլխավոր հերոսուհու անունը) հանդիսանում են սույն ապրանքի սպառողներ: Նրանք ունակ չեն իսկական զգացմունքներ ունենալ, լուրջ հարաբերություններ կազմել, սակայն վերջիններս իրենց հետ  հպարտորեն կրում են մանկամտության և անհեռատեսության վսեմ դրոշն առ այն, որ կգա արքայազնը և կնվիրի նրանց հաճույք, իսկ դրա փոխարեն կպահանջի այդ հաճույքը պատճառելու թույլտվությունը լոկ:
Իրական կյանքում Անասթեյշան չի կարող հետաքրքրել որևէ տղամարդու, ով ունի անհատին բնորոշ գեթ չնչին հատկանիշներ, բայց Քրիսթիան Գրեյի «50 երանգների» աշխարհում վերջինս իր ներքին ունայնության և դատարկության փոխարեն ստանում է այն, ինչ իր նման հազարներն են ցանկանում՝ փող, շքեղ մեքենա, քռչուփալասով լի զգեստապահարան և իհարկե, երջանկության սուռոգատի անվերջանալի պաշար:
Մարդիկ ծաղրանքով պետք է վերաբերվեն այս գրքի հերոսներին, սիրո և զգացմունքների մասին նրանց պատկերացումներին: Բայց, ներկայումս մարդիկ նայում են այսպիսի հարաբերություններին հիացմունքով և բերկրանքով՝ մի կողմ նետելով վստահությունը, փոխադարձ օգնության հասնելու պատրաստակամությունը և հավատարմությունը, և այլ շատուշատ հասկացություններ, որոնք երկու սիրող մարդկանց դարձնում են մեկ ամբողջություն:
Նրանք վայելում են, թե ինչպես է Անասթեյշան էժանագին անբարոյական նման տրվում Գրեյին, ով նրան մանիպուլացնում է, որպես մի ցածրորակ չինական մեխանիզմ: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչքան հեշտ է Քրիսթիանը կառավարում նրան, առանց սիրո որևէ նշույլ անգամ զգալու: Այդ ամենը ներկայացվում է որպես իսկական սեր, մատուցվում որպես իրական զգացմունք: Սերն առանջին հերթին փոխանակություն է, հավատարմություն, սիմբիոզ: Իսկ գրքում միայն ցածրագին հաճույքների բավարարում ենք տեսնում:

Գիրքը կարդալուց հետո, մի պահ մտածում ես, որտեղ է ռոմանտիզմը, Ռեմարկը կամ գուցե Բալզակը: Միթե սեքսի պրիմիտիվ նկարագրություններից զատ ոչինչ չի հետաքրքրում մարդկանց:

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…
Վ.Տերյան   

Հախունց Տիգրան

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…
Վ.Տերյան   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին