▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրթությունը պետք է լինի ոչ միայն պարտադիր, այլ նաև հաճելի. Սուրեն Ալոյան

«Dasaran.am» կրթական ծրագիրը ստեղծվեց 2009 թվականին՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների  միջոցով  ՀՀ-ում կրթության ոլորտը զարգացնելու, Երևան և ՀՀ այլ մարզեր հեռավորությունը կրճատելու, որակյալ կրթությունը Հայաստանում  հասանելի դարձնելու նպատակով:  Կրթական ծրագրին արդեն միացել  է մոտ մեկ միլիոն բաժանորդ՝ ՀՀ-ից և Արցախից:  Այն փակ համակարգ է, պատահական որևիցե մեկը չի կարող գրանցվել: Կարող են գրանցվել նրանք, ովքեր ինչ-որ ձևով կապված են դպրոցի հետ. աշակերտ, ուսուցիչ, ծնող, կառավարության համապատասխան վարչության աշխատակից: Հաստատվում է անձի ինքնությունը,  հետո նոր բացում են պաշտոնական էջ՝ նրա անունով: Ծնողը կարող է կայքի միջոցով հետևել երեխայի առաջադիմությանը, բացակայություններին, առկա են ամենօրյա տնային հանձնարարությունները:

Իսկ, թե ո՞րն է կրթական ծրագրի ամենակարևոր ուղղությունը, արդյո՞ք ՏՏ-ները չեն խանգարում որակյալ կրթություն ստանալուն, ինչո՞ւ են ուսուցիչները շարունակում դժգոհել և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի հետ:

Պարոն Ալոյան, ո՞րն է «Dasaran.am» կրթական ծրագրի ամենակարևոր ուղղությունը:

«Ամենակարևոր ուղղությունը սա է. Կրթությունը կարող է լինել ոչ միայն պարտադիր, այլ նաև հետաքրքիր, հաճելի ու զվարճալի: Փորձում ենք խաղերի հենքում դնել մրցակցությունը: Աշակերտը չի  կենտրոնանում նրա վրա, որ խաղի ժամանակ սովորում է, այլ  մրցակցում է իր դասարանի, դպրոցի, մարզի այլ աշակերտների հետ: Արդեն իսկ 24 օնլայն խաղերի միջոցով մենք երեխաներին սովորեցնում ենք հայոց լեզու, աշխարհագրություն, պատմություն, շրջակա միջավայր, մաթեմատիկա, օտար երկրների պատմություն: Մրցակցությունն ունի լավագույնների ցուցակ, որտեղ երեխան ձգտում է հայտնվել:

Կրթական ծրագրի առաքելությունն է՝ հանրակրթական դպրոցի արդիականացման և ՏՏ ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելը: Որքան՞վ եք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառությունը դպրոցում: Արդյո՞ք դա չի վնասում աշակերտին:

-Կարծում եմ, որ չի վնասում, քանի որ այն ունի սահմանափակ հնարավություն: Որպեսզի աշակերտը հասկանա, որ անընդհատ պետք չէ լինել համակարգչի առջև, մենք բազմաթիվ մրցույթներ ենք իրականացնում, որոնք օնլայն դաշտից բերում ենք օֆլայն դաշտ, այսինքն՝ աշակերտին բերում ենք ռեալ դաշտ, ծանոթացնում միմյանց, ամեն մեկը իր ձեռքբերած գիտելիքներով կիսվում  է մյուսի հետ: Անընդհատ աշխատում ենք, որպեսզի կարողանանք բալանսը  պահել: Բացի այդ՝ պարբերաբար այցելում ենք դպրոցներ, որտեղ խրախուսում և խթանում ենք ակտիվ, առողջ ապրելակերպը: Ցույց ենք տալիս 2 օրինակ.առաջինում երեխան անընդհատ համակարգչի առջև է, գնում է տուն՝ Tablet-ից է օգտվում, երկրորդում՝ երեխան ոչ թե ֆուտբոլ խաղում է Tablet-ի մեջ, այլ բակում: Փորձում ենք ցույց տալ, որ չի կարելի կյանքը կապել վիրտուալ դաշտի հետ: Նույնիսկ մեր կրթական խաղերը՝ օրինակ  շրջակա միջավայրին վերաբերող, կապված են ռեալ կյանքի հետ: Սովորի՛ր այստեղ, թե ինչ  անես  ռեալ կյանքում:

Եթե ծրագիրը երեխաների համար հաճելի է, զվարճալի, ապա ուսուցիչների համար փոքր-ինչ նյարդայնացնող: Կային դժգոհություններ՝ լրացուցիչ աշխատանքների հետ կապված, քանի որ այն, ինչ գրանցվում է մատյանում, պետք է լինի նաև կայքում: Կարողացա՞ք  իրավիճակը մեղմել:

-Դժգոհություններ դեռևս կան, և, բարեբախտաբար, նվազում են՝ հատկապես տարեվերջում, երբ ուսուցիչները սկսում են քառորդներ փակել: Ինչո՞ւ: Ասենք մեկ ուսուցիչը 4 դասարանում դասավանդում էր, ամեն դասարանում՝ 30 աշակերտ կար, լինում էր 120, ապա տարեվերջում 120 աշակերտի քառորդ պետք է փակեր՝ 4 գործակիցներով: Ինչ էր անում նա. հերթով մատյանի բոլոր էջերը թերթում էր, գնահատականները դուրս էր գրում տետրի մեջ, հետո սկսում էր հաշվարկ անել ու այդպես՝ 120 աշակերտի համար: Ուսուցիչը մի քանի րոպե անցկացնում է համակարգչի առջև՝ մուտքագրելով տեղեկատվությունը, ապա տարեվերջին ազատվում է բարդ հաշվարկներից, որոնք պետք է կատարեր:  Եթե համեմատական անցկացնենք, թե ինչքան ժամանակ էր անցկացնում տարեվերջում և ինչքան  էին  սխալները՝ քառորդները փակելիս, կտեսնենք, որ ծրագիրն ավելի շատ օգնում է ուսուցչին: Վերջիվերջո ուսուցչի գործը կրթելն է, ոչ թե  հաշվարկներ անելը:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ուսուցիչ մեկ դասի ընթացքում լավագույն դեպքում կարող է դաս հարցնել 3-5 աշակերտի: Գնահատականն ու տնային հանձնարարությունը կայքում տեղադրելու համար համակարգչից  օգտվող մարդու համար 1.5 րոպեն բավարար է դառնում: Մի քիչ վատ տիրապետողի համար 8 րոպե է անհրաժեշտ: Բայց աստիճանաբար 8 րոպեն նվազում է,  քանի որ սկսում է տիրպետել համակարգչին:

Հիմնական գանգատները ոչ թե համակարգի դեմ են եղել, այլ խնդիրը միշտ եղել է դպրոցների համակարգիչներով հագեցված չլինելը կամ համացանցին  միացված չլինելը, բայց,  քանի որ մեր երկիրն էլ զարգանում է, դպրոցները ձեռք են բերումհամակարգիչներ, միանում համացանցին, կամաց-կամաց  նվազում  է այդ խնդիրը:

Կա ևս մեկ պատճառ. մեր ուսուցչական անձնակազմի մեծ մասը ավագ սերնդի ներկայացուցիչ է, իսկ նրանց տեխնոլոգիական նորամուծությունը դժվար է թվում, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:

Նշեմ, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մատյանը հրկիզվել է,  աշակերտի կողմից գնահատականներ են ավելացվել կամ տարել են, «Dasaran.am»-ը կարողացել  է վերականգնել տեղեկատվությունը:


Ծրագիրը  հնարավորություն է տալիս ծնողին՝ առանց տանից դուրս գալու տեսնել, թե երեխան ինչ գնահատականներ է ստացել, ներակա է եղել դասին, թե ոչ: Սա, բնականաբար, նվազեցնում է ծնող-ուսուցիչ կապը, իսկ նրանց յուրաքանչյուրը հանդիպումը գաղտնիք չէ, թե ինչպես է սկսվում: Փաստորեն, դուք պայքարում եք նաև կաշառակերության դեմ;

-Հստակ գիտենք, որ նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Դպրոցնում սովորոբար կար տարեվերջին հանդիպման օր, երբ որ ծնողը գալիս էր դպրոց ու անակնակալի էր գալիս երեխայի  առաջադիմության հետ կապված ու փորձում էր ուսուցչի հետ խոսել՝ քառորդը բարձր փակելու համար և ուսուցիչն էլ, եթե համագործակցում էր, ստիպված էր լինում հետին թվով գնահատականներ ավելացնել մատյանում: Այսօր մեր համակարգը ֆիքսում է բոլոր տեսակի հետին  թվով գնահատականները՝ դրանք արտացոլելով այլ գույնով և արդեն դպրոցի տնօրենը, վերահսկիչ այլ օղակները, Քաղաքապետարանի կրթության վարչությունը, ԿԳն-ի հանրակրթության վարչությունը դա կարող է տեսնել ու պատասխանատվության կանչել տվյալ անձին:

Մյուս կողմից էլ՝ ծրագիրն  օգնեց  ծնողին՝  նախօրոք  տեղեկացված  լինել և չգնալ նման քայլերի, չէ՞ որ կոռուպցիան սկսվում է առաջարկողից: Ծնողը ամեն օր տեղեկանում է երեխայի առաջադիմությամբ, արդեն գիտի՝ ինչին սպասի: Կարող է  երեխային ասել՝ գնա՛,  պարապիր, գնահատականներդ բարձրացրու:

Կայքում կա հոգեբանական ծառայության բաժին: Կա՞ վիճակագրություն, թե ի՞նչ խնդիրներով են դիմում աշակերտները, ծնողները և արդյո՞ք օգնությունը միայն առցանց է լինում:

-Ունենք հոգեբանի անկյուն, գործում է մի քանի տարի: Բարձր հաճախելիություն ունեցող բաժին է:  Աշխատում են բարձր որակավորում ունեցող հոգեբաններ: Պարզվում է՝ մեր աշակերտներն ու  ծնողները շատ ունեն հոգեբանների հետ շփման կարիք: Սա միակ բաժինն է, որը հնարավորություն  է  տալիս  հոգեբանին  դիմելու համար կեղծանուն  ունենալ:

Հարցերը բազմազան են:  3-5-րդ դասարաններում հարցերը այսպիսին են.

«Ինձ դասարանում չեն  սիրում , ծաղրում են, օգնում եմ, բայց շարունակում են  ծաղրել, իմ սանրվածքը  ծաղրում են, ի՞նչ անեմ և այլն»:  Ավելի բարձր դասարաններում հաճախ տալիս են հետևյալ հարցերը՝ «Ես գնացել եմ որևէ խմբակ՝ ասենք էմոների, ծնողս ինձ չի հասկանում, ես սիրահարվել եմ, բաժանվել եմ, սիրտս կոտրվեց և այլն»: 

Ունեցել ենք շատ ավելի լուրջ հարցրեր, երբ  օրինակ 13-ամյա աղջիկը գրեց, որ պատրաստվում է ինքնասպանություն  գործել: Սա բացառիկ դեպքերից էր, երբ  մեր հոգեբանները կապ հաստատեցին  անմիջապես աղջկա հետ, խոսեցին:

Եվ, հիմա, քանի որ հարցերը շատ են, 2 շաբաթը մեկ առաջարկում ենք հարցերի քննարկման ցանկ, քվեարկում են, թե որ թեմայի շուրջ են ցանկանում խոսել, և ամենաշատ ձայներ հավաքած հարցի շուրջ օնլայն քննարկում է կազմվում:

Իսկ  ծնողների հարցերը կապված են ասենք երեխայի՝ լեզվի արատ ունենալու, հոգեբանական խնդիրներ նկատելու հետ:

Անդրադառնանք նաև մրցույթներին.ամանորյա տոներին ընդառաջ մրցույթ կազմակերպվեց՝ դպրոցների արտաքին և ներքին ձևավորման հետ կապված: Հաղթողները հայտնի՞ են:

-Երևանի քաղաքապետարանի, ԿԳՆ-ի  հետ  արդեն  3-րդ տարին է՝ իրականացնում ենք դպրոցների արտաքին և ներքին ձևավորման մրցույթ:  Ձևավորվում են խմբեր՝  կազմված ուսուցիչներից, աշակերտներից, ովքեր ձեռքի աշխատաքներով զարդարում են դպրոցը, բարձր տրամադրություն փոխանցում քաղաքացիներին: Մրցույթը դեռ ամփոփված չէ: Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՆ-ն կընտրեն  լավագույն աշխատանքները, որոնց համար կստանան համակարգիչներ և այլն:

Խոսենք նաև հետագա ծրագրերի մասին:

Նախատեսվում է մեր ցանցին  միացնել  Սփյուռքի դպրոցները: Ցանկանում ենք, որ օտար երկրներում ապրող հայ երեխաները միանան կայքին, շփվեն հայաբնակ երեխաների հետ, կիսվեն տեսակետներով, խաղան  խաղեր: Ունենանք  միասնական ցանց,  որտեղ ներգրավված կլինի հայությունը:

Հեղինակ` Անի Կարապետյան 

Լուսանկարում` Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջն. դպրոցի ամանորյա ձևավորումը, որի աշակերտներին էլ Asekose.am-ը փոխանցում է Սուրեն Ալոյանի կողմից ստացված` «Dasaran.am»-ի խորհրդանիշերով  անակնկալ նվերները: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին