Pastinfo.am-ը գրում է.
Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ-ում հետին պլան են մղվել քաղաքական խմորումների, ընդդիմության շարքերում պառակտումների շուրջ թեժ քննարկումները: Հայ հասարակությունը երեկվանից ի վեր քննարկման նոր՝ ավելի բովանդակալից թեմա ունի. ի՞նչ խմորումներ են ընթանում հայաստանյան գողական աշխարհում և ինչ զարգացումների պետք է դեռ սպասենք:
Երեկ կեսօրին, «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, սպանվել էր քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):
Քրեական այս հերթական հաշվեհարդարն առանձնանում է իր հանդգնությամբ, եթե չասենք՝ լկտիությամբ: Երեք մարդու սպանությունը տեղի է ունենում հենց ՔԿՀ մուտքի դիմաց, տեսախցիկների ներկայությամբ, օրը ցերեկով:
Այն, որ այդ տարածքը տեսահսկվում է և տեղի ունեցածն ամբողջությամբ արձանագրվում է, սպանության կազմակերպիչներն ու իրականացնողներն ուղղակի չէին կարող չիմանալ:
Ուրեմն՝ նրանց նպատակն էլ հենց դա է եղել, թերևս հարկ է եղել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ հասկացնել: Իսկ այն, որ սպանությունը նախապես ու մարնրակրկիտ մշակված է եղել, փաստում է նաև այն, որ դիմակավորված մարդասպանները նախապես են իմացել, որ Լյովիկն իր շքախմբով այդ օրը, այդ ժամին այցելելու է ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկին: Թե ու՞մ, առայժմ ստույգ հայտնի չէ, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ մեկին, ով վերջերս է կալանավորվել՝ սպանության մեղադրանքով:
Բացի այդ, խումբը հանցանքի վայր է եկել շատ լավ պատրաստված ու, թերևս, քաջ իմանալով, որ հակառակորդը ևս անզեն չէ:
Դեպքի վայրում երեկ գտնված զինատեսակները՝ ինքնաձիգ և ատրճանակ, վկայում են, որ մարդասպաններն իրենց թիրախին տեղում ոչնչացնելու նպատակ են ունեցել, քանզի ինքնաձիգից կրակելու պարագայում թիրախը չի էլ հասցնի պատասխան կրակոց արձակել:
Ինչ վերաբերում է մյուս զինատեսակին՝ ատրճանակին, ապա դրանք էլ ենթադրաբար եղել են Լյովիկի մարդկանց մոտ, ովքեր փորձել են պաշտպանվել, բայց չեն հասցրել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում