Իրինա Ալեգրովան հիվանդությունից հետո վերսկսել է իր համերգային գործունեությունը,-այս մասին tass.ru-ին կիրակի օրը հաղորդել է երգչուհու տնօրեն Հիզրի Բայտազիեվը: Վերջինիս խոսքով` իրենք արդեն Սանկտ Պետերբուգում են, որտեղ էլ կայանալու է Ալեգրովայի մենահամերգը: Տնօրենը նաև հավելել է, որ մյուս մենահամերգները ըստ նախապես կազմված գրաֆիկի` նույնպես կայանալու են:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին և 7-ին Երևանում նախատեսված էր երգչուհի Իրինա Ալեգրովայի մենահամերգը, սակայն, համերգից րոպեներ առաջ հայտնի է դարձել, թե նրա առողջությունը կտրուկ վատացել է ու նա, ըստ կազմակերպիչների, հոսպիտալացվել է:
Ավելի ուշ` երգչուհու հարազատները հերքեցին հոսպիտալացման մասին լուրերը ու նշեցին, թե Իրինա Ալեգրովան տաքություն ունի և գտնվում է հյուրանոցի իր սենյակում:
Նշենք, որ համերգի կազմակերպիչը Զառա Մխեյանն է, ով Հայաստանում հայտնի է իբրև «FORPOSTART» ընկերության հիմնադիր տնօրեն, որը զբաղվում է համերգների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ:
Մոտ մեկ ու կես տարի առաջ Asekose.am-ը գրել էր, որ նույն Զառա Մխեյանը 2013-ի սեպտեմբերին նախատեսել էր Իրինա Ալեգրովայի համերգը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, որը, սակայն, չեղյալ էր համարվել. պատճառների մասին հանդիսատեսի ու համերգի կազմակերպչի տեսակետները իրարից կտրուկ տարբերվում էին:
Վրացական մամուլն անդրադարձել էր այս դեպքին` նշելով, որ բավական երկար ժամանակ համերգի կազմակերպիչները տոմսերի գումարները չեն վերադարձրել դրանք գնած շատ թբիլիսցիներին, ովքեր էլ ստիպված բողոքով դիմում էին լրագրողներին ու նույնիսկ պատրասվում էին ոստիկանություն դիմել:
Այդ հարցով Թբիլիսիում ապրող հայերը դիմել էին նաև Asekose.am-ի խմբագրություն և խնդրի վերաբերյալ մեր կայքում հրապարակված հոդվածի ներքո «Forpostar» ընկերության անունից «սպառնալից» մեկնաբանություն էին թողել ՝ մեզ դասեր տալով, մեր բարձրաձայնած խնդիրը որակելով որպես «պատվեր» ու նույնիսկ խոստանալով մեզ դատի տալ:
Հետաքրքիր է, որ , թերևս, պատմությունը կրկնվում է և ակնհայտորեն, Իրինա Ալեգրովայի համերգների կազմակերպման հարցում ինչ-որ բան այն չէ...