Դերասան Հայկ Մարությանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց, որ իր տեսակետն այդ մասին հայտնում է նախ որպես քաղաքացի.
«Չեմ կարծում, որ մեր երկրի այսօրվա խնդիրները հենց դրանով են պայմանավորված: Եթե իմանամ, որ սահմանադրական փոփոխություններով կլուծվի ինչ-որ մի հարց, սատար կկանգնեմ, սակայն չեմ կարծում, որ դա կլինի, այդ պատճառով էլ դեմ կամ կողմ լինելու խնդիր չկա»:
Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է տեսնում խնդիրների լուծումը, դերասանն ասաց, որ պետք է փոխվի կառավարման մեթոդը, ինչպես նաև պետք է հասկանանք, թե ո՞ւր ենք գնում.
«Հիմա մենք չենք աճում, չենք գնում առաջ, գնալու դեպքում էլ` դա անում ենք շատ դանդաղ, ինչը գրեթե չի երևում»:
Լրագրողի այն հարցին, որ գո՞ւցե ԵՏՄ-ին միանալն առաջ գնալու հնարավորություն կտա, Հայկ Մարությանը պատասխանեց, որ խոսել է շատ գործարարների հետ, որոնք նրան այդ առնչությամբ դեռ որևէ դրական բան չեն ասել, ավելին՝ ԵՏՄ-ին միանալուց հետո շատերը դժգոհում են:
Հայկ Մարությանը նաև անդրադարձավ այն խնդրին, թե ինչո՞ւ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ չունեն հստակ քաղաքացիական դիրքորոշում.
«Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր կյանքն ինչպես ապրի. մեկը որոշում է դա անել հեշտ տարբերակով, մյուսը` հակառակը: Հենց դժվարությունների ժամանակ էլ հնարավոր է լինում անել որևէ հանրօգուտ աշխատանք: Բացի իմ աշխատանքից փորձում եմ անել բաներ, որոնք օգուտ կտան նաև ինձ շրջապատող մարդկանց, իմ հայրենակիցներին: Եթե հիմա խոսեմ իմ աշխատանքներից, կդառնա, որ ինձ գովազդում եմ: Բարեգործության մասին էլ խոսելով` միայն կասեմ, որ այդ առումով կա նախագիծ, որը շուտով՝ մոտ 1-2 ամսից, կիրականացնենք, սակայն մանրամասներ չեմ ներկայացնում, որպեսզի խանգարող հանգամանքներ չլինեն»:
Շարունակելով քաղաքացիական ակտիվության թեման` Հայկ Մարությանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք իր նկատմամբ սպառնալիքներ, ճնշումներ եղել են, թե՞ ոչ.
«Ինձ թվում է, եթե անգամ արվեստագետին բացասական բան ես ասում իր ստեղծած ֆիլմի մասին, նա փորձում է քո ասածը կանխել, որպեսզի չտարածվի, որ իր ֆիլմը վատն է: Բնականաբար, երբ այս կամ այն իրողության վերաբերյալ բացասական բան ես ասում, առաջանում է հակադրություն: Չեմ կարող ասել, որ շատ ակտիվ ճնշումներ են եղել իմ նկատմամբ, սակայն եթե նույնիսկ դրանք անձամբ ինձ չեն հասել, բայց, ամեն դեպքում, զգացվել են: Ճշմարիտ լինելու համար պետք է պատասխանեմ, որ, այնուամենայնիվ, ոչ, ինձ փուշ չի ծակել»:
Կարդացեք նաև՝ Մկոն ինքն էր ցանկություն հայտնել իր կարիերան շարունակել առանձին. Հայկ Մարության
«Սուպեր մամա» ֆիլմի ստեղծման համար վաճառել էի բնակարանս. Հայկ Մարության