Արդեն տեղեկացրել ենք, որ միջադեպ է տեղի ունեցել Քարդաշյանների Գյումրի այցի ժամանակ. Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը բարկացել է, երբ երբ ժամերգության ընթացքում գյումրեցիների առջեւ փակվել են Յոթվերք եկեղեցու դռները:
asparez.am-ն այս առիթով գրում է. Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մոտ 3-4 րոպե շարունակ տարեց կանայք եւ տղամարդիկ Քարդաշյանների անվտանգությունն ապահովող ոստիկաններին բացատրում էին, որ եկեղեցու դռները չպետք է փակվեն, դրանք բաց պետք է լինեն յուրաքանչյուր մարդու առաջ: Սակայն ապարդյուն էին այս բացատրությունները, ոստիկաններն անդրդվելի էին: Ապա փակ դռների ետեւից լսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բարձր ձայնը. «Սա եկեղեցի է, ապո՞ւշ եք դուք». հետո սրբազանն ամբողջությամբ բացեց եկեղեցու դռներն ու մի կողմ հրեց ոստիկաններին:
Եկեղեցում քար լռություն տիրեց, ապա Քիմին անգլախոս ուղեկցողները միմյանց շշուկով ասացին. ‹‹Գնանք, դուրս գնանք››:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում