Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող պատարագի ընթացքում, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ»` ունկնդրելով Սրբերի դատի ժողովի կարդինալական դասի և եպիսկոպոսների լիանիստ ժողովի դրական վճիռները:
Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա էր, և համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Մատյան Ողբերգության»-ը, որ ավելի հանրածանոթ է որպես «Նարեկ» աղոթագիրք»:
Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափի մոտ գտնվող Նարեկ գյուղում՝ 951թ.։ Նա Անձևացի գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակում Նարեկացին հաճախել է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքը, որտեղ եղբոր հետ միասին դաստիարակություն է ստացել Անանիա Նարեկացու կողմից։ Ուսումն ավարտելուց հետո Գրիգոր Նարեկացին վարդապետ է ձեռնադրվել Նարեկավանքում և ստացել վանքի Նարեկ անունը։
Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ. և թաղվել Նարեկավանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար մինչև 1915թ., երբ Նարեկավանքը Հայոց ցեղասպանության ժամանակ հիմնովին քանդվել է։
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցում ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։