▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյանը` Մեսչյանի` իր հոր հարցով Սերժ Սարգսյանին ուղղված կոչի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:  Մոտ 3 ժամ տևած հանդիպման ժամանակ Արթուր Մեսչյանը խոսել է տարբեր  թեմաներից, այդ թվում` դիմել Սերժ Սարգսյանին ասելով հետևյալը. «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»:

Asekose.am-ի թղթակիցն այս առիթով կապ հաստատեց Շանթ Հարությունյանի որդի Շահենի հետ, ով երեկ  ներկա է գտնվել Մեսչյանի հետ հանդիպմանը: Շահեն Հարությունյանի խոսքով`  նախապես տեղյակ չէր, թե ինչի  վերաբերյալ է  լինելու հանդիպումը,  սակայն քանի որ բանախոսն Արթուր Մեսչյանն էր,  որոշել էր անպայման գնալ, որովհետև  գիտեր, որ այդ հանդիպումն իր համար օգտակար կլինի.

«Արթուր Մեսչյանը հանդիպման ժամանակ խոսել է ինձ համար շատ հոգեհարազատ թեմաների մասին: Առհասարակ, տվյալ  հանդիպումից ես  ինձ համար շատ օգտակար խորհուրդներ եմ քաղել,  կարծում եմ, որ Մեսչյանի  մտքերը  ոչ միայն իմ, այլև բոլոր ներկա գտնվողների համար կարող են խորհուրդ լինել: Խոսում էինք արժանապատվության, երկրի, ճիշտ մարդու կերպարի մասին.  չեմ կարող  նրա մտքերից որևէ մեկն առանձնացնել, որովհետև մենք խոսում էինք  այն ամենի մասին, ինչի վերաբերյալ  մեր հանրապետությունում չի խոսվում գրեթե ոչ մի տեղ: Այնտեղ ձևավորվել էր մարդկանց մի խումբ, ովքեր խոսում էին արգելքներից: Մեսչյանը մեզ նաև ասաց, որ  դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ապագայում պետք է դառնան մեր երկրի վերնախավը, ինչի համար էլ մեզ պետք է  ոչ թե լավ, այլ շատ լավ կրթություն, որը կարող ենք ստանալ նաև արտերկրում: Մեսչյանի հիմնական միտքն այն էր, որ մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին»:

Մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանը  նաև անդրադարձավ Մեսչյանի` Սերժ Սարգսյանին  ուղղված կոչին.

«Հանդիպման ժամանակ Մեսչյանը դիմեց  նախ Սերժ Սարգսյանին, ապա նաև  մեզ` ներկա գտնվողներիս` ասելով, որ կարող ենք իրեն հարցեր ուղղել: Ես նրան հարցրեցի այն մասին, որ եթե ինքն ասում է, որ մենք պետք է դառնանք վերնախավ, բայց միաժամանակ դեմ է հեղափոխությանը, ապա ինչպես է պատկերացնում մեր վերնախավ դառնալու գործընթացը նման երկրում, որտեղ տիրում են բռնատիրական կարգեր, ամեն օր ոտնահարվում են բարձր և վեհ արժեքները, հենց այդ պահին էլ նա ասաց, որ եթե հայրս այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար»:

Իսկ այն հարցին` թե ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Մեսչյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանին, Շահենն ասաց, որ  դա եղավ այն ժամանակ, երբ իրենք խոսում էին երկրի և դրա խնդիրների մասին.

«Առհասարակ մենք խոսում էինք  այն մասին, որ այսօր մեր երկիրը գտնվում է սարսափելի և նողկալի վիճակում, խոսում էինք  նաև պայքարի և պայքարող մարդկանց մասին, դե ինքներդ  էլ գիտեք, թե պայքարողներն այսօր որտեղ են»:

Զրույցն ամփոփելիս էլ  Asekose.am-ի թղթակիցը հարցրեց  Շահենին, արդյո՞ք հանդիպման ժամանակ հնչել է հարց այն մասին, թե ե՞րբ է  Արթուր Մեսչյանը համերգով հանդես գալու` հաշվի առնելով, որ տևական ժամանակ առաջ ինքը բաց նամակով դիմել էր  վերջինիս` խնդրելով համերգ կազմակերպել, որին էլ հաջորդել էր  ստորագրահավաքը.

«Մենք  Մեսչյանին բազմիցս  դիմել ենք` խնդրելով մենահամերգ կազմակերպել, որովհետև մենք ունենք նրա երգերի կարիքը, նա միշտ մերժել է, սակայն հիմնավոր  պատճառով է դա արել, ինչի համար էլ կարող ենք նրան հասկանալ: Բայց պատճառը չեմ կարող բարձրաձայնել, ավելի ճիշտ կլինի, որ այդ մասին Մեսչյանը խոսի»,-իր խոսքը եզրափակեց Շահեն Հարությունյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին