▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիտլերից մինչև «Մոխրագույնի 50 երանգները». ի՞նչ են նախընտրում հայերը

Մեր օրերում գրքերը կարծես երկրորդ պլան են մղվել՝ իրենց տեղը զիջելով ժամանակակից տեխնոլոգիաներին: Այսօր մեզանից շատերը նախապատվությունը տալիս են էլեկտրոնային գրքերին: Հիմնական պատճառն այն է, որ համացանցում կարելի է փնտրել ու գտնել ցանկացած գիրք, անգամ՝ նեղ մասնագիտական: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի մի քանի խոշոր գրախանութների հետ՝ պարզելու համար, թե հիմնականում ինչ գրքեր են նախընտրում կարդալ հայ ընթերցողները: «Բուկինիստ» («Գրքերի աշխարհ») գրախանութի վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյանը մեզ հետ զրույցի ընթացքում փաստեց, որ բեսթսելլերների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն  վարդին» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է այս տարվա հուլիսի 2-ին:  Մեծ պահանջարկ ունեն նաև «Անտարես» հրատարակչության հրատարակած Ջորջ Օրուելի «1984» գիրքը, թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքի  «Ստամբուլի բիճը» գրքերը, Էրիկա Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» եռագրությունը և Կռամեր Ստեյսի «50 дней до моего самоубийства» գիրքը:

Ըստ վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյանի` վերջին շրջանում  առանձնակի հետաքրքրություն է առաջացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակված «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրությունը, որը պատմված է Հայոց ցեղասպանության վկաներից մեկի՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկանյան) կողմից: Գիրքը, որը թարգմանված է նաև անգլերեն,  ներկայացնում է ցեղասպանությունը տեսած դեռատի հայուհու հուշերը իր և իր տարագիր ժողովրդի տեղահանության ու չարչարանքների մասին: Զրույցի ընթացքում Ժաննա Բաբիկյանը նշեց նաև, որ մեր համաքաղաքացիները երբեմն չեն կարողանում գնել իրենց նախընտրած գիրքը վերջինիս ոչ մատչելի գնի պատճառով (օրինակ՝ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը, որի արժողությունը 29.000 դրամ է):

Այսպիսով, կարելի է փաստել, որ Երևանի փողոցներում երբեմն հանդիպող «Գիրք կարդալը նորաձև է» արտահայտությամբ պաստառները թեև համապատասխանում են իրականությանը, սակայն կա մարդկանց մի ստվար զանգված, որ չի հետևում այդ «նորաձևությանը» և կարդում է պարզապես գիտելիքների պաշարը լրացնելու համար:

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին