▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցմահ բանտարկյալներ». Վարդան Պետրոսյանի ճակատագրական ներկայացումը

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում կայացվել է որոշում ըստ որի՝ դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետև պատիժը կրելու է բաց ռեժիմով: 

Asekose.am-ը կապ հաստատեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ իրենք Վարդան Պետրոսյանին Տիկնիկային թատրոնի կազմի մեջ հանդես գալու հրավեր են արել: Ռուբեն Բաբայանը հաստատեց, որ համագործակցության առաջարկ իրենց կողմից իսկապես եղել է. 

«Իմ գործը փոքր է եղել, ընդամենը բարձրաձայնել եմ այդ ցանկության մասին: Կարծում եմ, որ շատ թատրոններ կցանկանային, որ Վարդան Պետրոսյանն իրենց կազմում ընդգրկվեր, սակայն թե ինչ կարգավիճակում, ինչ պաշտոնում, դա արդեն այլ հարց է»:

Զրույցի ընթացքում Ռուբեն Բաբայանը հավելեց նաև, որ առաջարկությունն անձամբ Վարդան Պետրոսյանին չի արել, այլ՝ նրա քրոջը՝ Աշխենին: Նա նշեց նաև, որ բացի ընկերներ լինելուց ինքն ու Վարդան Պետրոսյանը ժամանակին եղել են նաև գործընկերներ.

«Մենք միասին աշխատել ենք մոտ 10 տարի առաջ տիկնիկային թատրոնում: Բեմադրել էինք մոնո ներկայացում, որը Վարդան Պետրոսյանը խաղում էր մոտ 1 ամիս: Դա միակ ներկայացումն էր, որում Վարդանը խաղում էր տիկնիկներով»:

Պրն. Բաբայանի խոսքով` շատ հետաքրքիր ու խորհրդանշական էր ներկայացման վերնագիրը՝ «Ցմահ բանտարկյալներ».

«Չէինք կարող պատկերացնել, որ տարիներ հետո դա ինչ-որ ձևով կանդրադառնար Վարդանի կյանքի վրա»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն ունի Վարդան Պետրոսյանը՝ կապված թատրոնի առաջարկի հետ, պրն. Բաբայանը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, որ իրենք դեռ սպասում են դերասանի արձագանքին. «Եթե  Վարդանը ընդունի թատրոնի առաջարկը, ուրախ կլինենք ու կգտնենք նրա՝ թատրոնում աշխատելու գեղարվեստական ճիշտ ձևը»:

Ռուբեն Բաբայանը բարձր է գնահատում Վարդան Պետրոսյանի մասնագիտական որակները և դերասանական մեծ փորձը. «Կարծում եմ՝ նա բազմաբնույթ տաղանդավոր մարդ է, իսկ նման մարդիկ միշտ էլ պետք են, որովհետև թատրոնը տաղանդավոր մարդկանց կարիք ունի»:

Մեր այն դիտարկմանը, արդյո՞ք մտավախություն չունի, որ դերասան Վարդան Պետրոսյանի՝ բեմում հայտնվելը կարող է ոչ միանշանակ ընդունելության արժանանալ, պրն. Բաբայանը նշեց, որ պարտադիր չէ, որ նա ընդգրկվի թատրոնի դերասանական կազմի մեջ.

«Թատրոնը տաղանդավոր մարդկանց կարիք ունի, իսկ Վարդանը ոչ միայն լավ դերասան է, այլև շատ լավ է զբաղվում մենեջմենթով, կարողանում է կազմակերպել ներկայացումներ: Վարդան Պետրոսյանը կգտնի այն ճիշտ ժամանակը, երբ կկարողանա ու պատրաստ կլինի բեմ բարձրանալ»,-իր խոսքը եզրափակեց տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

 Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին