Մեկնարկում է Asekose.am-ի թիմի կողմից պատրաստվող հեռուստահաղորդումների նոր եթերաշրջանը, որոնք մեր կայքից բացի հնարավոր է դիտել նաև ArmNews հեռուստաընկերությամբ և ԱՄՆ-ում հեռարձակվող PanArmenian TV-ով:
Շուրջ 3.5 տարի հեռարձակվող Փոփ Արտ հեռուստանախագիծը շարունակելու է սկանդալային պատմությունների բացահայտումները:
Նախագծի հաղորդավարուհիներ Անահիտ Հարությունյանն ու Սաթենիկ Խաչատրյանը շարունակելու են բացահայտել շոուբիզնեսյան հայելու հակառակ կողմը, բարձրաձայնելու են հարցերի մասին, որոնք միգուցե շատերին են հետաքրքրել, սակայն երբեք չեն հնչել: Նրանք իրենց տեսադաշտում են պահելու հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները:
Նոր եթերաշրջանում Փոփ Արտ հաղորդման առաջին հյուրը լինելու է ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին, ով հաղորդման շրջանակներում անկեղծացել է մի շարք թեմաների մասին՝ ամուսնության, ամուսնալուծության մանրամասների, աշխատանքային տևական դադարի, Հայաստանում անցկացրած իր օրերի, մոր հետ սպասված հանդիպման:
Հաղորդումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը՝ ժամը 15:45, կրկնությունը՝ հինգշաբբթի՝ 16:10:
Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները և դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը մեկ հաղորդման մեջ ամփոփ տեսքով շարունակելու է ներկայացնել ԹՈՓ ՏԵՍ հաղորդումը, որն արդեն ունի նոր հաղորդավարուհի՝ Անի Հարությունյանը:
Ինչից սկսվեց և ուր հասավ...Մենք Ձեզ կպատմենք՝ առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության: Իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից` կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում:
Հաղորդումը եթերում է լինելու կիրակի՝ 17:30, կրկնությունը՝ երկուշաբթի՝ ժամը 09.00-ին:
CV հաղորդման հեղինակ և վարող Լիլիթ Հակոբյանը շարունակելու է իր անկեղծ զրույցները հայտնի մարդկանց հետ: Այս հաղորդումը հատուկ շեշտադրումներ չունի, պարզապես փորձում է հյուրերին ներկայացնել այն կողմից, որը դեռևս հեռուստադիտողի համար բացահայտված չէ: Հաղորդման գլխավոր նպատակը ջերմ միջավայրում մտերմիկ զրույց ունենալն է:
Նոր եթերաշրջանում CV հաղորդման առաջին հյուրը երգչուհի Նունե Եսայանն է: Վերջինս անդրադարձել է իր անվան շուրջ պտտվող քննադատություններին, իրեն՝ «երկաթյա լեդի» վերագրելու խոսակցություններին, ստեղծագործական գործունեությանը, ինչպես նաև իր և Ավո Խալաթյանի միությանը վերաբերող քննարկումներին: Ավելին, Նունե Եսայանը նաև մեկնաբանել է, թե ինչու է վախենում օրինականացնել իր հարաբերությունները սիրելի տղամարդու հետ:
Հաղորդումը եթեր է հեռարձակվելու շաբաթ օրը՝ ժամը 12:30-ին, կրկնությունը՝ երեքշաբթի՝ 16:10-ին:
«Բացարձակ արժեք» հաղորդումը նույնպես շարունակելու է եթեր հեռարձակվել, սակայն արդեն նոր ձևաչափով. հաղորդումը վարելու են 2 տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ գրող Արմեն Շեկոյանն ու Արման Խարազյանը: Նրանք` որպես տարբեր սերնդի ներկայացուցիչներ, հաղորդման շրջանակներում հարցերի միջոցով ներկայացնելու են հայտնի մարդկանց գործունեության հետ կապված որոշակի կողմեր, պարզաբանելու են նրանց տեսակետներն այս կամ այն հարցի վերաբերյալ:
Հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը՝ 16:15-ին, կրկնությունը՝ չորեքշաբթի 16:25-ին:
«Բացարձակ արժեքի»` նոր եթերաշրջանի առաջին հյուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է, ով խոսում է լրագրության ոլորտում իրեն օգնած մարդկանց, իր մանկության տխուր և ուրախ հիշողությունների, մասնագիտական գործունեության մեջ` «ամենահասության» և Վանո Սիրադեղյանի՝ իրեն բնակարան նվիրելու պատմության մասին:
Asekose.am-ի աշխատակիցներից Անի Միրաքյանը, ում, վստահ ենք, որ ճանաչում են թե՛ մեր ընթերցողները, թե՛ հեռուստադիտղները, մեր թիմին կմիանա ավելի ուշ, քանի որ պատրաստվում է մայրանալ:
Շուտով մեր թիմին կմիանա նաև հեռուստահաղորդավարուհի Մերի Շահինյանը, ում հետ միասին ներկայացնելու ենք նոր հաղորդում` «Կտոր Մը Հայաստան»:
Իսկ մինչ Asekose.am-ը կշարունակի հետևել օրվա լրահոսին` ներկայացնելով հարցազրույցներ ու ռեպորտաժներ, ինչպես նաև կպատմի օրվա կարևորագույն դեպքերի ու աչքի ընկնող դեմքերի մասին, մեր թիմին միացած երիտասարդ ռեփերներ Արմեն Աբրահամյանն ու Էմանուել Սիսակյանը պարբերաբար կներկայացնեն RAP լուրեր`յուրօրինակ ոճով պատմելով քաղաքական, շոուբիզնեսյան ու այլ ոլորտների ասեկոսեների մասին և ոչ միայն... Ի դեպ, առաջին ռեփ-լուրը հենց Asekose.am-ի մասին է` երբ ասեկոսեն հավաստի է դառնում...
Պրեմիերան` շուտով
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան