▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էլի՞ կոմերցիան կուլ տվեց հայ երգը, թե՞ այն դեռ պահպանելու հույսեր կան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջին ամիսներին մեծ արձագանք գտավ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի «Վերադարձի երգ» խորագրով համերգը` սկզբում գովազդվելով համերգի ու նրա աննախադեպ լինելու մասին, հետո` կայացած համերգին անդրադառնալով: Համերգն իսկապես հրաշալի էր, երկու սերունդների ելույթներն աննկարագրելի զգացումներով էին լցրել դահլիճն ու առանձին ամեն մեկի հոգին: Համերգի ավարտին հայ երգի վարպետ Պապին Պողոսյանը խոստովանեց, որ բնավ հոգնած չէ, սխալ երգելուց են հոգնում, իսկ մաքրամաքուր հայ երգը ներկայացնելը միայն պատիվ է:

Ու այսպես «մաքրամաքուր» բառը դարձավ հաջողված համերգին հաջորդող գրեթե բոլոր հոդվածներում հայ երգը որակավորող անբաժան ածականը:

Թվում էր` հայ մշակույթի զարթոնքի նոր շունչ է բացվում, ու մաքրամաքուր հայ երգը վերստին բեմի գահին է, մշակութասեր հանրությունն առանձնակի ոգևորություն էր ապրում:

Բայց դիտավորյալ, թե պատահաբար հարձակումը չուշացավ: 

Անմիջապես էկրաններին բարձրացավ մեկ այլ համերգի գովազդ, որն, ի դեպ, սկզբում պարզապես տարբեր ոճերի երգիչների համերգ կոչվեց, հետո` երաժշտական փառատոն, հետո` բարեգործական համերգ: 

Երևի այդ համերգն առանձնապես սուր քննադատության չէր արժանանա իմ ու վստահաբար իմ նման մտածող շատ ու շատ արվեստասեր հայերի կողմից, եթե գովազդային տեսահոլովակում, պաստառների վրա իրար կողք կողքի չհայտնվեին իրար հետ ընդհանուր ոչինչ չունեցող ոճերի ներկայացուցիչներ` մասնավորապես Պապին Պողոսյան, Գագիկ Բադալյան, Ռազմիկ Մանսուրյան, Անահիտ Ներսիսյան, Թաթուլ, Սուրո, Սուպեր Սաքո և մի շարք այլ ռեսորանային և ոչ ռեստորանային երգիչներ: Քավ լիցի, նրանք էլ իրենց չափով իրենց գործն են անում, իրենց լսարանն ունեն ու թեպետ արվեստ ու մշակույթ չեն ձևավորում, այնուամենայնիվ  «երգում են», պարզապես այս պարագայում երգելու տեղը ճիշտ ընտրված չէ:

Ի դեպ, այնտեղ կադր կա նաև Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի  «Քելե լաո» երգի տեսահոլովակից, երգ, որ մի ամբողջ ազգի երեկն ու այսօրն է, ու որ հայ մաքրամաքուր երգի փայլուն օրինակ է:

Հիմա հարց է առաջանում` այս համերգում ո՞ւր է մնում մաքրամաքուր երգը` երևի Պապին Պողոսյանի  «Ամպել ա ձուն չի գա, մթնել ա տուն չի գա…»-ն ու Թաթուլի  «Ամպերն հելան` քուլա-քուլա»-ն համատեղ կտան մաքրամաքուր երգի իմիտացիա՞ն:

Նախընտրելի կլիներ այդ մեկնաբանությունը լսել հենց իրենցից` Գագիկ Բադալյանից ու Պապին Պողոսյանից…էլի՞ կոմերցիան կուլ տվեց հայ երգը, թե՞ այն դեռ պահպանելու հույսեր կան:

Անի Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին