«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում հրապարակել է գերիների մահապատիժը ներկայացնող նոր տեսանյութ, որտեղ դաժան սպանություններն իրականացնող դահիճները Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների հեղինակներն են: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։
Տեսանյութը նկարահանվել է նախքան նոյեմբերյան ահաբեկչությունները, բայց հրապարակվել է կիրակի երեկոյան
Ըստ պարբերականի տվյալների՝ մահապատիժն իրականացնողներից մեկը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած Բիլալ Հադֆին է, իսկ մյուսը` Սամի Ամիմուրը, ում ֆրանսիացի իրավապահները ոչնչացրել են «Բատակլան» համերգասրահի գրոհի ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին: