Հայկ Բարսեղյանը, ով համացանցում մեծ տարածում գտած «SOS» հաղորդման ռեժիսորն է, 2013 թվականից սկսել է լուսանկարել Գյումրու անօթևան ընտանիքներին:
«Լուսանկարում էի ոչ թե տնակներում ապրող ընտանիքներին, այլ փնտրում էի ծայրահեղ աղքատ ապրող մարդկանց, որոնք այդ իրավիճակում էին հայտնվել եկրաշարժի հետևանքով, իշխանության անգործության պատճառով, այսինքն` ոչ թե իրենց «խելքից ելնելով»: Երբ որ մենք փոքր էինք, Գյումրիում բոլորն էին տնակներում ապրում, այդ ժամանակ բոլորն էլ նույն իրավիճակում էին, չէր զգացվում աղքատ-հարուստ տարբերությունը: Սակայն ժամանակները փոխվեցին, աղքատ և հարուստ միջավայր ստեղծվեց… Կամ ծայրահեղ աղքատ էին, կամ միլիոնատեր… Հենց այդ պահին էլ հասկացանք, որ պետք ամեն ինչ կարգավորել, որովհետև այդ մարդիկ որևէ մեղք չունեն, ինչպես նաև մեղք չունեն այն երեխաները, ովքեր ծնվում են, սակայն հետագայում ոչինչ չեն ունենում, ո'չ կրթություն, ո'չ նորմալ հագուստ, ո'չ նորմալ կյանք. մի խոսքով` իրենց «կյանքը վարի է գնում», որոշ մարդկանց պատճառով…»:
Հենց այդ ժամանակրշջանից էլ Հայկ Բարսեղյանը փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել, նախ լուսանկարեց ծայրահեղ պայմաններում գտնվող մարդկանց, ավելին` Ամոթի օր հայտարարեց, սակայն հասկացավ, որ իրավիճակին այլ լուծում պետք է տալ.
«Որոշակի առումով օգուտ տվեց, իմ լուսանկարած որոշ մարդիկ արդեն բնակարան ունեն, սակայն մի քանիսով խնդրին հիմնովին լուծում չի տրվի: Գտա բրիտանական մի կայք, որի միջոցով էլ փորձում ենք դրամահավաք իրականացնել, սակայն այդ հարցում մեզ պետք է հաջող քարոզարշավ իրականացնել: Մենք չենք կարող ապավինել միայն մեր ուժերին, դրսում ապրող հայերի օգնության կարիքն ունենք… Մեր կազմակերպած ծրագրով պատրաստվում ենք 55 օրում հավաքել 120,000 ֆունստեռլինգ գումար, որ 13 շատ ծանր ապրող անօթևան գյումրեցիներին բնակարաններ գնենք: Եթե դա մեզ հաջողվի, կկարողանանք նաև 1,000,000 ֆունտի երկրորդ ծրագիրը ներկայացնել, որով արդեն կկարողանանք կառուցել գոնե մի շենք բազմաթիվ ընտանիքների համար: Սակայն վերջինը դեռ երազանքի է նման»:
Ըստ Հայկի` այս ամենը նախաձեռնել է հունվարի 19-ի գիշերվանից, սակայն 12 ժամում արդեն հավաքվել է 400 ֆունտ գումար.
«Եթե հաջողվի իրականացնել այս ծրագիրը, ապա հիմնովին կլուծենք Գյումրու անօթևանների խնդիրը: Բնականաբար, գումար տվողներն էլ պետք է մոտիվացնեն այն բանից ելնելով, թե ում են աջակցելու: Եթե նրանք իմանան, որ պետք օգնեն այնպիսի մարդկանց, ովքեր ծանր կացության մեջ են հայտնվել սեփական էշ խելքից, դժվար թե ցանկանան օգտակար լինեն: Մենք կներկայացնենք հստակ պատճառներ, թե ինչու են ծայրահեղ կացության մեջ ապրում: Իհարկե կուզենք, որ մեր այս ծրագրին համաշխարհային աջակցության տրվեր, օրինակ` եթե SOAD-ը անդրադառնար խնդրին, ամեն ինչ վայրկյանների ընթացքում կլուծվեր: Հիմա փնտրում ենք մարդկանց, ովքեր միջնորդ կհանդիսանան մեր և համաշխարհային նման դեմքերի համար: Նշեմ, որ մենք ունենք նաև ժամանակային խնդիր. մնացել է ընդամենը 49 օր և մի քանի ժամ, եթե այդ ժամկետի ընթացքում գումարը չհավաքվի, ապա արդեն իսկ հավաքագրած գումարը հետ կվերադարձվի փոխանցողներին»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան