▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կինոյի տղեն...» կամ «մաֆիա»-ի առավոտը

 

Ժամանակին լրագրողներից մեկին «գլուխդ պատին ես տվել» ասած   ու որդու մասնակցությամբ ռազբորկաները հարթած ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը կրկին «հերոս» դառնալու ճանապարհն է ընտրել: 

Կենտրոն և Նորք Մարաշի առաջին ատյանի դատարանում քննվում է մի գործ, որը վերաբերում է սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքին: 

Այս ծեծկռտուքին միջամտել է հենց ինքը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով, պարզվում է՝ լուսադեմին տուն էր վերադառնում ակումբից, որտեղ նա պարբերաբար «մաֆիա» է խաղում:

Նույն ժամանակ փողոցում էին ինչ-որ ջահելներ իրենց «մաֆիոզի» տեղ դրել ու ծեծում էին մի երիտասարդի:

Բնականաբար, շատ վատ էին անում...Ու նրանց մեղքն ու պատիժը դատարանը պետք է սահմանի, գուցե մի բան էլ ավելացնի, կամ պակասեցնի...Դա արդարադատության գործն է:

Անկասկած է, որ լավ են արել պատգամավորն ու իր օգնականը, որ միջամտել են ու փորձել են հարթել փողոցային վեճը:

Բայց արձանագրենք, որ ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ առաջինը ԱԺ պատգամավորն է միջամտել, իսկ հետո նրան միացել է նրա օգնականը...

Ի դեպ, նկատենք, որ մեր պատգամավորներն իրենց թիկնապահներին օգնական են ասում...

Ոնց հասկացա՝ երիտասարդները հայհոյել են ԱԺ պատգամավորին ու , կարծում եմ, Արսենյանը տակ չի մնացել ու պատասխանել է այդ հայհոյանքներին:

Արսենյանը պատմում է, որ պատրաստ է եղել նույնիսկ կրակել զենքից, որ վերցրել էր ավտոմեքենայից: Ըստ Արսենյանի, նա «պատրաստ էր կրակել, մանավանդ, երբ օգնականն ասել է, որ իրեն դանակահարել են», բայց զսպել է իրեն, երբ կանգառում կայանած ավտոբուսից կանայք են իջել ու ծեծկռտուքի մասնակիցներն արդեն վնասազերծվել էին:

Հետո Գուրգեն Արսենյանը իր մեքենայով՝ 130-140 արագությամբ, օգնականին հասցրել է հիվանդանոց ու փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:

Այո, փաստորեն, լկտի դրսևորումներով էին սկսել իրենց օրը ծեկռտուքին մասնակցած երիտասարդները:

Բայց գուցե նրա՞նք էլ եթե մինչև լուսադեմին «մաֆիա» խաղային, սիգար ծխելու և կոնյակ խմելու, փողոցից ու փողոցային բարքերից կտրվելու հնարավորություն ունենային, ավելի բարի լինեին ու ծեծկռուքների փոխարեն՝ փորձեին հերոսաբար հարթել փողոցային վեճերը:

Չէ՞ որ «Կինոյի տղա » չեն ծնվում, այլ դառնում են ...

Ու վերջում... ինչ լավ կլիներ, եթե վկա Գուրգեն Արսենյանն այս պատմությունը դատարանում ներկայացներ՝ թեկուզ ըստ սցենարի... 

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան 

Ժողովուրդ թերթի աշխատակիցների  պատրաստած  տեսանյութը ՝ պատգամորի մասնակցությամբ պատմության մասին՝ դիտեք ստորև.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին