▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժան Պոլից ոգեշնչվում ու «չինական» Ժան Պոլներ են բացում

Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանն ու «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանը հասցրել են դառնալ երևանցիների և  զբոսաշրջիկների սիրելի վայրերր, որոնք աչքի են ընկնում ոչ միայն հետաքրքիր ուտեստներով ու ըմպելիքներով, այլև հետաքրքիր ու արտասովոր ինտերիերով: Asekose.am-ը զրուցել է «Նավավար»-ի և «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանի համահիմնադիրներից  Նարեկ Բախտամյան հետ ըմպելարանի և սրճարանի հաջողության գրավականի, ճաշացանկի նորությունների, ուրիշ ոչ մի սրճարանում չհանդիպող խմիչքների, այլոց կողմից սրճարանի գաղափարների ընդօրինակության մասին և ոչ միայն:

Մեզ հետ զրույցի ընթացքում Նարեկը փաստեց, որ թե’ «Նավավար»-ի, թե’  «Ժան Պոլ »-ի այցելուներին ավելի շատ գրավում է միջավայրը, որտեղ իշխում է ընտանեկան ջերմ մթնոլորտ, ինչն էլ հնարավորություն է տալիս այցելուներին  իրենց ազատ  ու հարմարավետ զգալ:

«Ամեն ինչ սկսվեց «Ժան Պոլ »-ով, քանի որ մենք ու մեր շրջապատը խնդիր ունեինք երևանյան բարի ու գեղեցիկ հավաքատեղիի, որտեղ կարելի է գալ, մի բաժակ գինի վերցնել և պարզապես վայելել ժամանակը: «Նավավար»-ում որոշեցինք ձկնային ուտեստներ մատուցել, քանի որ ես և համահիմնադիր Արամ Հարությունյանը շատ ենք ձուկ սիրում: Իսկ այն, որ «Նավավար»-ում նավահանգստային ինտերիեր ենք ստեղծել, պայմանավորված է նրանով, որ Արամի հայրը նավաստի է եղել: 

Ուտեստների առումով տարբեվում են «Նավավար»-ն ու «Ժան Պոլ»-ը: «Ժան Պոլ»-ը խմելու և շփվելու վայր է, որտեղ կան  փոքր նախուտեստներ, որոնցով այդ պահին  կարող ես քաղցդ հագեցնել: Դրանք նույնիսկ ճաշացանկում են գրված «ծամելու բաներ»: Սրան հակառակ` «Նավավար»-ն ունի հարուստ ձկնային ճաշացանկ, որտեղ միայն հայկական լեռնաշխարհի ձկներ են: Մեր հաջողությունը պայմանավորված է թերևս նրանով, որ մենք այստեղ բոլորս ընկերներ ենք, մենք չենք համարում, որ ունենք հաճախորդներ, նրանք մեր հյուրերն են, փորձում ենք ժամանցի, շփման մշակույթը ստեղծել ու զարգացնել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Վերջինս նշեց նաև, որ ճաշացանկում արդեն տեղ են գտել փոփոխություններ, որոնք ունեն իրեն պատճառը:

« Քաղաքում երեկոյան կյանքի մշակույթը դեռ նոր է ձևավորվում, մենք վերջապես ազատվեցինք 50 էջանոց ճաշացանկից, որտեղ ամեն ինչ կար` քյաբաբից մինչև սուշի: Հիմա սկսում ենք նոր բաներ ներմուծել: Հասկացանք, որ «Նավավար»-ը պայծառ տարածք է նաև արվեստագետների համար, ուստի որոշեցինք ստեղծագործելու տարածք տրամադրել արվեստագերներին,ովքեր կարող են գալ այստեղ ու հանգիստ նկարել, հետո `էլ այստեղ կազմակերպել իրենց ցուցահանդեսը: Հենց այդ պատճառով էլ որոշեցինք նոր ուտեստներ մտցնել, որոնք արագ պատրաստվող ու ուտվող են, քանի որ  մարդիկ, ովքեր եկել են այստեղ նկարելու, բնականաբար, չեն կարող նստել ու ձուկ ուտել: Այս ուտեստը կոչվում է նավբուրգ, այն տարբերվում է բուրգերից նրանով, որ իր տարբերություն դասական բաղադրատոմսի, որտեղ կա 125 գրամ միս, մենք օգտագործում ենք 150 գրամ, որը համեմվում է շատ հետաքրքիր արևելյան համեմունքներով: Ամառվա սեզոնի հետ կապված մտադրություն ունենք նաև տոլմաների տարբեր տեսակներ ներկայացնել` նաև ձկով տոլմա:  Դա պայմանավորված է նաև նրանով, որ վերջերս շատ է խոսվում, թե իրականում ում է պատկանում տոլման, քանի որ եթե մենք ուզում ենք աշխարհին ապացուցել, որ տոլման մերն է, ապա պետք է Հայաստանում շատ լինեն վայրեր, որտեղ միայն տոլմա կմատուցեն, իսկ հիմա ստացվում է, որ խորովածն ու քյաբաբն են մեր ավանդական ուտեստները: Նշեմ նաև, որ մենք ունենք ոգելից խմիչքների տեսականի, որոնք ոչ մի ուրիշ տեղ չկան»,- մանրամասնեց Նարեկ Բախտամյանը:

Մեր զրուցակիցը փաստեց, որ շատ է հանդիպում սրճարաններում և փաբերում անցկացվող այնպիսի միջոցառումների, որոնք ինքն է ի սկզբանե կազմակերպել: 

 «Քաղաքում բացվում են, այսպես ասած, չինական «Ժան Պոլ»-ներ: Հպարտանում եմ, երբ մի միջոցառում, որը 5 տարեկանից արել եմ իմ տանը, հետո այն զարգացրել եմ «Ժան Պոլ»-ում, դրա մի քիչ ուրիշ կամ ավելի վատ տեսակն արվում է մեկ այլ սրճարանում:Չեմ ուզում ասել, որ կրկնօրինակում են, ավելի շուտ` ոգեշնչվում են: Ճիշտ է , ես այդ ամենին դրական եմ վերաբերվում, սակայն մի խնդիր կա. այնքան բանի կարիք ունի մեր քաղաքը, որ եթե դու ունես գումար, ժամանակ և ցանկություն, կարելի է շատ ծրագրեր իրականացնել: Հիմա կարծես նորաձև է դարձել, որ բոլորը վաճառում են գինի, բուրգեր, սակայն շատ հետաքրքիր բաներ կարելի է մտածել: Օրինակ` ես շատ կցանկանայի, որ Երևանում լիներ մի տեղ, որտեղ կմատուցեին միայն պելմենի, օղի, թթու և սալ, դա շատ գեղեցիկ ձմեռային ֆորմատ է, որը, ցավոք, մեզանում չկա: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի նրանով, ինչից որ հասկանում է, Օրինակ` հիմա մեծ տարածում է գտել խեցգետնի օր անցկացնել փաբերում, իսկ մենք նման բան չենք անում»- նշեց Նարեկը:

Վերջինիս զարմացնում է այն փաստը, որ մարդիկ բացում են նոր ռեստորաններ և անունը դնում home ռեստորան, սակայն իրականում չգիտեն, թե դա իրենից ինչ է ներկայացնում:

«Շատերը ռեստորան են բացում ու անունը դնում home ռեստորան, սակայն տերերը միայն բացման օրն են այնտեղ լինում, մինչդեռ home կոչվող ռեստորանը իրենցի ենթադրում է, որ այնտեղ պետք է աշխատի տերերից առնվազն մեկը: Մենք հիմա կազմում ենք էքզիստենցիալ սրճարանի ձևաչափ, այսինքն` թե ինչ է նշանակում էքզիստենցիալ սրճարան,ինչպիսին պետ էքզիստենցիալ սրճարանի է լինի այն: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այս ձևաչափը կկատարելագործվի և լայն տարածում կգտնի Հայաստանում»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց է «Նավավար»-ի և «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանի համահիմնադիրներից Նարեկ Բախտամյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները` «Նավավար» ձկնալի ըմպելարանի և  «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանի ֆեյսբուքյան էջերից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին