▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա հիշելու է, որ այն իրականում ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Vkontakte-ի իր էջում, ամփոփել տպավորությունները Ռիո-2016-ից, գրել է.

«Ավարտվեցին XXXI Ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում: Չէի կարողանում ընտրել, թե ինչից սկսել, բայց առաջինը, որ ցանկանում եմ արտահայտել՝ իմ խորը երախտագիտությունն է այն մարդկանց, ովքեր չամաչեցին արտահայտել իրենց կարծիքը Ռիոյի Օլիմպիական խաղերին 16.08.2016-ին կայացած իմ եզրափակիչ գոտեմարտի մասին: Շնորհակալ եմ Ձեր անբացատրելի աջակցության համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք ամենասկզբից և հիմա էլ շարունակում եք մնալ ու աջակցել ինձ: Ես զգում եմ շատ մեծ օգնություն իմ ազգի, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող տարբեր ազգության ու տարբեր կրոնային պատկանելության մարդկանց կողմից: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ իր կյանքում երազում է բարձրանալ Օլիմպիական պատվանդանի վրա՝ իր երկրի հիմնի հնչյունների ներքո, իր երկրի դրոշի տակ, ու ես ևս բացառություն չեմ: Իմ ողջ կյանքում ես երազել եմ այդ մասին ու գնացել դեպի այդ Օլիմպիական բարձունքը: Այս դժվարին գործին ահռելի ջանքեր են ներդրվել… Ես ապրում ու երազում էի այն օրվա մասին, երբ ինձ հաջողվել էր պայքարել Օլիմպիական խաղերի ոսկու համար, և այդ երկար սպասված պահը վրա հասավ… Ռիոյի ճանապարհին իմ հանդեպ շատ անարդարություններ են եղել, սակայն ինչքան էլ որ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, ես համբերություն ունեցա ոչինչ չձեռնարկելու այդ ուղղությամբ, քանի որ Ռիո-2016-ի սպասումով էի: Ես հույս ունեի, որ այս անարդարությունների ժամանակը վաղ թե ուշ կշրջանցի ինձ: Ցավոք, հրաշքը տեղի չունեցավ, ու ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այս արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով էլ չկարողացա զսպել ինձ: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, ես չեմ տեսել իմ հարազատներին ավելի քան 150 օր, որպեսզի լավ նախապատրաստվեմ ու կենտրոնանամ Ռիոյի Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումները, քաշի փոփոխությունը, վնասվածքները, թիմային աշխատանքը, իմ ընտանիքի ու իմ երկրի հույսն և համբերությունը ուղղակի գողացվեց… Մի՞թե ողջ մարզական աշխարհը փակելու է աչքերն այս հանցագործության վրա: Ոչ միայն ինձ հանդեպ, շատերն են զրկվել արժանի մրցանակներից: Ես զրկվեցի Օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, ինչպես որոշում են Սերբիան ու մյուս երկրները, բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց հզոր ազգ ենք: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նաև Ռուսաստանին և այնտեղ ապրող մարդկանց: Ես մեծացել եմ ու ապրում եմ այնտեղ, սիրում եմ երկիրն ու մարդկանց: Մարզչական շտաբի, հարազատներիս, մտերիմներիս ու իհարկե, ողջ ազգի աջակցության շնորհիվ ես այս Օլիմպիադային պատրաստ էի 100 տոկոսով, տրամադրված էի ու պատրաստված: Ինձ հաջողվեց հաջող գոտեմարտեր ու արդյունք ցույց տալ, շնորհակալ եմ Տեր Աստծուն դրա համար: Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին, Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ, նա վաստակել էր այդ հաղթանակը: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներին երկու արծաթե մեդալների առթիվ՝ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին: Երախտապարտ եմ բոլորին, ովքեր ինձ հետ էին իրենց մտքերով ու զգացողություններով, շատ եմ գնահատում այդ ամենը: Ամեն գոտեմարտի դուրս գալով՝ ես պայքարում էի ոչ միայն իմ ազգանվան, այլև իմ հայրենիքի և իմ ընտանիքի համար, ովքեր մինչև վերջին օրը աջակցում էին ինձ: Դահլիճում լսվեց ոչ իմ երկրի հիմնը, իմ հարազատների ցավը խլացնում է ամեն ինչ…

P.S. Պետք չէ վիրավորել սերբ Դավոր Շտեֆանեկին, նա վատ ըմբիշ չէ, լավ պաշտպանվում էր: Եվ ընդհանրապես, մենք հիմա մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ նայելով այն մեդալին, որ իր մոտ է, բայց իրականում պատկանում է ինձ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին