▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է, որ 16 տարի լռում էիր, իսկ հիմա՝ «թոթով լեզվիդ կապերն արձակվեցի՞ն, բացեցի՞ն»

Ներկայացնում ենք Համեստ Հովհաննիսյանի նամակը` ի պատասխան կարգալույծ եղած Տեր Հովհաննես աբեղա Սահակյանի աղմկահարույց նամակի, որն ուղղված էր Գարեգին Բ-ին:

«Սիրելի՛դ մեր ի Քրիստոս Հովհաննես (նախկին), կամ որ այմ ես՝ Վարդգես (ոմն) Սահակյան.

Սրտի խորին ցավով պիտի նկատենք, թե տողերը, որ հերյուրել ես, ո՛չ միայն հոգևորականին, ո՛չ անգամ նախկին հոգևորականին, այլ նույնիսկ իր անձը հարգող տղամարդուն վայել չեն: Դու «քաջաբար ու հերոսացած» քննադատում ու այպանում ես ամենքին ու ամեն բան, միայն թե մի փոքրիկ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ տասնվեց տարի՝ մինչ այս պահը, լռում էիր, իսկ հիմա՝ «թոթով լեզվիդ կապերը արձակվեցի՞ն, բացեցի՞ն»: Եվ հանկարծ ընդվզեցիր, թե՝ «քեզ հոգևորական չես զգացել»: Ո՞վ էր խանգարում, որ մի սահմանամերձ գյուղ գնայիր, տրվեիր համայնքային կյանքին, առանձնանայիր մի հեռավոր վանքում և գիտությանը նվիրվեիր, ձե՞ռքդ էին բռնել, թե՞ մորուքդ: Թե՞ պարզապես երբ հնարավոր էր օգտվել՝ լռելյայն վայելում էիր, երբ ակնկալիքներ կային, աչքերդ ոչինչ չէին տեսնում, իսկ երբ կարիք եղավ անձդ նեղությամբ փորձելու՝ միանգամից «արդարության ջադագով» դարձար: Լավ է, որ ինքդ ես խոստովանում, թե մինչ այս, մշտապես հանդես ես եկել ի պաշտպանություն ... Ուստի ի՞նչ եղավ, ի՞նչը փոխվեց: Մոռացա՞ր, որ ծարավդ հագեցած աղբյուրը չի կարելի ապականել, կամ՝ կծել քեզ կերակրող ձեռքը: Եթե անձնապես և առնապես ուխտել էիր հակադրվել քո «պայծառ տեսիլքով» քողազերծված համասեռամոլներին, ինչո՞ւ իմացողի վարք հանդես բերիր, ինչո՞ւ չպոռթկեցիր միաբան ժամանակիդ: Մի՞թե կռվից հետո սուր ճոճելը վայել է քեզ պես «դյուցազունին»:

Մարդ գիտակից օրերից ի վեր պիտի խորհի առաջացյալ տարիքի մասին՝ մշտապես ձգտելով չանել այնպիսի բաներ, որոնք հետագային ցավ կամ ամոթի զգացում են ծնելու: Ու թեև ժողովրդական իմաստությունն ուսուցանում է, թե՝ «Օձը տաքացնողին պիտի կծի», բոլորովին պարտադիր չէ թունավոր օձ դառնալ, փորձեք բավարարվել շարքային լորտու լինելով»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին