Արդեն տեղեկացրել ենք, որ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սակայն օրեր առաջ Asekose.am-ի ընթերցողներից մեկը մեզ տեղեկություն էր հաղորդել, ըստ որի` Սարգիս Հարությունյանը շարունակում է ազատության մեջ մնալ և ազատ ու անկաշկանդ շրջում է Երևանի փողոցներով, քաղաքական հանդիպումներ ունենում, ավելին` օրեր առաջ հատել է ԱԺ անցագրային կետը և մուտք գործել խորհրդարանի շենք:
Այս ասեկոսեների վերաբերյալ, սակայն «Ալյանս» կուսակցությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ իրենք մեկնաբանում են միայն կուսակցության հետ կապված հարցեր, այլ ոչ թե առանձին անհատների: Հետաքրքրականն այն է, որ Սարգիս Հարությունյանը կուսակցության շարքային անդամ չէր, այլ` կուսակցության փոխնախագահը:
Այս առիթով ոստիկանության լրատվական բաժնից Asekose.am-ը նույնպես չկարողացավ որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն ստանալ. այստեղից նշեցին, որ դրանով զբաղվում է նախաքննական մարմինը: Քննչական կոմիտեից էլ որևէ տեղեկություն չհաջողվեց ստանալ:
Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, Սարգիս Հարությունյանը 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը:
Asekose.am-ը կփորձի հետևել այս թեմային, պատրաստ է նաև հրապարակել Սարգիս Հարությունյանի ներկայացուցչի կամ փաստաբանի տեսակետը: