▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ և ինչպե՞ս «Սասնա Ծռերի» Արամ Մանուկյանին «հայտնիության» տիտղոս շնորհեց

2016 թվական, հուլիսի 17… Թեև ամիսներ են անցել ՊՊԾ գնդի գրավումից, սակայն կրքերը դեռ չեն հանդարտվել: Այդ օրերին գրեթե բոլորի համար «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, դարձել էր հայ տղայի իդեալ: Համացանցում կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ նրա մասին գրված մի բանաստեղծություն` «Հիվանդանոցային մի տարօրինակ հանդիպման մասին» վերնագրով, որն անտարբեր չթողեց համացանցային օգտատերերին: Սակայն թե ով էր ստեղծագործության հեղինակը, քչերին հայտնի դարձավ: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ստեղծագործության հեղինակ Հայկ Մկրտչյանը խոսել է բանաստեղծության գաղափարի մտահղացման, ստեղծագործական կյանքի, անձնական բլոգի ստեղծման գաղափարի, քննադատությունների մասին և ոչ միայն:

Ես էլ սկսեցի ուշադրություն դարձնել ու զարգացնել այդ ջիղը

Վեցերորդ դասարան էի: Հայոց լեզվից շարադրություն էր հանձնարարված ազատ թեմայով: Երկար մտածեցի այնպիսի մի պատմվածք գրել, որ հանդիպած չլիներ: Այդ տարիքում գրքեր շատ էի կարդացել, շատ ֆիլմեր էի դիտել: Վերջապես գրեցի այնպիսի շարադրություն, որի սյուժեն յուրօրինակ էր: Վերջում համեմեցի երկու չափածո քառյակով: Ուսուցչուհիս՝ Արմինե Կարապետյանը, նկատեց դա, ոգևորեց: Ես էլ սկսեցի ուշադրություն դարձնել ու զարգացնել այդ ջիղը: Հետագայում այդ շարադրությունս, հաջորդ ուսուչուհուս՝ Արմինե Հովհաննիսյանի հորդորով փոխակերպվեց և դարձավ «Երբ ձյուն է գալիս» պատմվածք:

Ահա այն ամենը, ինչ ստիպում է ինձ գրել

Ավելի շատ ստեղծագործում եմ չափածո ժանրում: Պատմվածքներ նույնպես գրում եմ: Քայլեր արել եմ սցենարներ գրելու ուղղությամբ: Ստացվել է ինչ -որ առումներով: Ուղղակի, երբ մտքեր են ծնվում, նրանց ավելի արագ մարմնավորում եմ բանաստեղծությամբ, սցենարը՝ ժամանակատար է, մտքերս «փախչում» են: Երաժշտությունը, երգը, ֆիլմերը, մարդիկ և իրենց հայտնի ու անհայտ պատմությունները, ահա այն ամենը, ինչ ստիպում է ինձ գրել: Ստեղծագործությանս հիմնական թեմաներն են կարոտը, սերը, մարդկային հարաբերությունները: Այն ամենը, ինչը խենթ է ու խելառ՝ նույնպես:

Տարբերություն չկա օնլայն հարթակում, թե…

Երբ մտածեցի փոքրիկ ժողովածու տպագրել, որոշեցի դրանից առաջ ստեղծագործություններս տեղադրել բլոգում, տեսնելու համար ընթերցողներ կլինեն, թե՝ ոչ: Ամսական երկուսից մինչև չորս հազար այցելու ունեցա, որը մինչ այսօր էլ շարունակվում է: Գիրքը ֆինանսական պատճառներով չտպագրեցի: Բլոգը մնաց, չմաքրեցի: Ուրախ էի շատ այդչափ ընթերցողների համար: Գիտեք, իրականում տարբերություն չկա օնլայն հարթակում, թե… Ընթերցողն ընթերցող է: Ուղակի գրքի դեպքում գուցե ֆինանսական շահույթ էլ լինի: Ամեն դեպքում գրողին երջանկության զգացումը ընթերցողն է պարգևում: Շնորհակալ եմ ընթերցողներիս:

Ես տիրապետում եմ այդ արվեստին

Քննադատություններ լսելն արվեստ է: Ես տիրապետում եմ այդ արվեստին: Հակառակ դեպքում զարգացում և առաջընթաց չես ունենա: Երբ ստեղծագործության իմաստին է վերաբերում, դժվար եմ ընդունում: Իմաստը տեսանկյուն է: Իսկ տեսանկյուները տարբեր: Ես իմ տեսանկյունն եմ ուզում փոխանցել: Մնացած առումերով սիրով ընդունում եմ և արագ փոփոխում այն, ինչը նկատառում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արամն իմ հարազատն է, իսկ ստեղծագործությունը հիմնված է իրական պատմության վրա

Արամն իմ հարազատն է, իսկ ստեղծագործությունը հիմնված է իրական պատմության վրա: Հարազատներիս ու մտերիմներիս ավելի հեշտությամբ եմ «հայտնիության» տիտղոս շնորհում: Իմ «հայտնությունն» էլ իմաստավորվում է` նրանց ստեղծագործություններ ձոնելով: Դեռ չեմ հասցրել այնքան հայտնի լինել, որ հայտնիների գրվածքներս ձոնեմ: Հայտնիներին տողեր չեմ ձոնել: Նման «պատվի» դեռ չեմ արժանացել:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Հիվանդանոցային մի տարօրինակ հանդիպման մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին