▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն. ինչու Սիբիրում ապրող ռուս կինը որոշեց սովորել հայերեն

«Հայերը զարմանում են, որ անգլերենի փոխարեն հայերեն եմ սովորում»,-Ելենա Չիկմենյովա

 Մի քանի տարի առաջ սոց. կայքերից մեկի հայերենի ուղղագրությանը նվիրված խմբերից մեկում մի գրառման հանդիպեցի: Ելենա Չիկմենյովա անուն-ազգանունով օգտատերը ռուսերեն մի քանի նախադասություն էր գրել, խնդրում էր հայերեն թարգմանել:

Սկսեցին այդ գրառումները ավելի հաճախակի դառնալ, որոշեցի ընկերության առաջարկ անել, ու մենք ընկերներ դարձանք: Ամեն անգամ, երբ նա ինձ հերթական նամակով խնդրում է ինչ-որ բան թարգմանել կամ հայերենի քերականության, ուղղագրության հետ կապված ինչ-որ հարցում օգնել իրեն, ես ամեն անգամ հուզվում եմ, հետո՝ հպարտանում , որ հեռավոր Սիբիրում կա մի ռուս կին, ով ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը, հաճախում է հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց, Կոմիտաս է լսում, Թումանյան ու Սևակ կարդում…

Մի օր նրան հարցրեցի, թե ինչու՞ է հայերեն սովորում և այն էլ այդքան խորությամբ: Պարզվում է՝ 14 տարեկանում հայ ընկերուհի է ունեցել, և հենց այդ աղջկա ծնողներն էլ նրան հայերեն գրել-կարդալ են սովորեցրել: Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են՝ այդ ընտանիքը Հայաստան է վերադարձել: Ելենան այնքան է հավանել մեր լեզուն, որ շարունակել է ինքնուրույն սովորել:

Վերջերս հարցրեցի՝ ինչպե՞ս են հայերը արձագանքում, երբ իմանում են, որ նա հայերեն է սովորում: Այս հարցի պատասխանն ու մեր նամակագրությունից մի քանի մեջբերում որոշեցի առանց խմբագրման տեղադրել ստորև, որպեսզի ընթերցողը Ելենայի հայերենի իմացության մասին որոշակի գաղափար կազմի:

«Հայերը իհարկե զարմանում են, երբ իմանում են, որ սովորում եմ հայերեն, հիմա բոլորը անգլերեն են սովորում: Ինձ համար հայերենը ավելի մոտիկ է: Այն ինձ համար կարծես գեղեցիկ երաժշտություն լինի ու չգիտեմ թե ինչու, պարզապես խոսքեր չեմ գտնում բացատրելու համար… Գիտես, ես հաճախում եմ հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց ու շատ զարմանում եմ, որ մեր քաղաքի հայերը չգիտեն հայերեն տառերը, անկեղծ ասած, ես նրանց չեմ հասկանում: Մեսրոպ Մաշտոցը ստեղցել է հրաշալի այբուբեն: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ամենադժվար պահերին անգամ պահպանել է իր գիրն ու գրականությունը և հասցրել է մեզ:  Յուրականչյուր մարդ պիտի հպարտանա իր մայրենի լեզվով: Մայրենի լեզուն մեր գանձն է: Հայերենը իմ մայրենին չէ, բայց ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն: Ինչու՞, որովհետև հայոց լեզուն աշխարհի ամենահին լեզուներից է, որովհետև Հայաստանն է առաջին երկիրը աշխարում, որը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինձ համար հայերենը շատ գեղեցիկ է: Ինչքան շատ եմ իմանում Հայաստանի մասին, այքան ավելի շատ եմ ուզում իմանալ: Այդ չքնաղ երկիրը չի դադարում ինձ զարմացնել…»:

Հ.Գ. Ամեն անգամ, Ելենայի հայերենի ու Հայաստանի հետ կապված հիացական նամակները կարդալիս միայն մի ցանկություն է մոտս առաջանում՝ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ գնահատեր մեր լեզուն ըստ պատշաճի, որ սոց. կայքերում և այլ վայրերում լատինատառ հայերենով գրառումներն իրենց տեղը զիջեին մեսրոպատառ հայերենին…

Հեղինակ` Ա. Գաբոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին