Ինչու՞ են Ժան Սարգսյանի երգացանկում գերակշռում են թուրքական երգերը
Արդեն տեղեկացրել ենք, որ Նիդերլանդներում բնակվող Ժան Սարգսյանը հաջող ելույթ է ունեցել բելգիական The Voice նախագծում։
Դրանից հետո համացանցում որոշ օգտատերեր սկսել էին կարծիք հայտնել, որ Ժան Սարգսյանին կարելի է Հայաստանի կողմից ուղարկել Եվրատեսիլի մրցույթին։
Որոշողը մենք չենք, բնականաբար, բայց եթե այդպիսի հեռանկար լինի՝ գուցե դա առիթ կդառնա, որ Ժանն, ասենք, առաջին անգամ հայերեն երգ կատարի, քանի որ նրա երգացանկում գերակշռում են թուրքական երգերը։
Ժանն, ի դեպ, անցած տարի մասնակցել է նաև Թուրքիայի The Voice նախագծին, հասել մինչև եզրափակիչ, իսկ կույր լսումներին կատարել էր «Սարի գելին» երգը․ հայկական «Սարի աղջիկը», որ գողացել են թուրքերն ու ադրբեջանցիներն ու ներկայացնում են իբրև իրենցը։
Հատկանշական է, որ իր հարցազրույցում Ժան Սարգսյանն ասել է, որ դա իր տատիկի սիրած երգն է։
Սակայն զարմանալի է, որ Լիբանանում, հայկական միջավայրում, ծնված Ժան Սարգսյանի տատիկի սիրածը ոչ թե «Սարի աղջիկ»-ն է, այլ «Սարի գելին»-ը։ Հետո է, որ Ժանն ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ ու գուցե հեռացել հայկական շրջապատից։
Ի դեպ, բելգիական նախագծում Ժան Սարգսյանը ներկայանում է հայ՝ Լիբանանից, իսկ ահա թուրքական նախագծում, երբ ժյուրիի անդամը նրանից հարցնում է ազգանունն ու հատուկ ընգծում՝ «Սարգսյա՞ն», Ժանն արձագանքում է, որ ինքը լիբանանցի է՝ խուսափելով ասել իր ազգությունը։
Ինչևէ, առանց ցանկանալու սառը ջուր լցնել Ժանի՝ բելգիական The Voice-ում ելույթին հետևածների ոգևորության վրա, հաջողություն մաղթենք երգչին՝ հուսալով, որ հաճախ կհիշի ոչ միայն իր հայկական ծագման , այլև հայկական երգերի մասին ու նաև դրանք կներառի իր երգացանկում ու, եթե առիթ լինի, հաջորդ անգամ «Սարի գելին»-ի փոխարեն կկատարի «Սարի աղջիկը»։
Տեսանյութերը՝ ստորև․
***


