Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը աճեցնելուն զուգահետ ադրբեջանցիները փորձում են իրենց ոչին բնորոշ ապատեղեկատվություն տարածել համացանցում: Նրանք հայկական անուն-ազգանուններով ֆեյսբուքյան էջեր են բացում, ապա նյութեր են տարածում` ամեն անգամ ներկայացնելով իբր հայկական կողմի կրած կորուստների թիվը կամ այդ փաստն «ապացուցող» տեսանյութեր:
Այսօր նույնպես ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ: Սակայն իրականում տեսանյութը բեմադրություն է և այնքան վատ է մոնտաժված, որ երևում են ինչպես նկարահանման վայրի հետևում գտնվող լուսավոր քաղաքը, այնպես էլ ադրբեջանցի զինվորների անտաղանդ խաղը:
Նշված՝ անհաջող մոնտաժված տեսանյութը կարող եք դիտել ստորև, սակայն մեր կողմից մոնտաժված տարբերակով:
Հիշեցնենք, որ ավելի ուշ Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել էր լուրը` նշելով, որ հակառակորդը իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը մեղմելու նպատակով է նման լուրեր տարածում:
Այս դեպքում ևս, ինչպես բազմիցս հորդորել են Արցախի և ՀՀ ՊՆ քարոզչության պատասխանատուները, պարզապես պետք է խուճապի չմատնվել և չտարածել չճշտված տեղեկություններ:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները սովորում հայերեն եև ներթափանցում մեր շարքերը:
Հեղինակ՝ Ա. Գրիգորյան