Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա ընտրյալը 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանն է, որը մասնագիտությամբ դերասանուհի է, թեև հեռուստադիտողներին շատ հայտնի չէ։ Զույգի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն այս տարի է բաժանվել կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14-ամյա Ռոբերտը և 1-ամյա Արինան։
Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմեց իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։
«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,- ասաց Մարիամը։
Ըստ Մարիամի` իրենց սիրո հիմքն այն է, որ իրենք չեն կարող ապրել առանց իրար։
«Դա փոխաբերական իմաստով չեմ ասում։ Մեր միջև կա կապվածություն և սեր։ Շատ լավ ենք հասկանում իրար։ Եթե մարդիկ կարող են իրար հասկանալ խոսքով, մենք հասկանում ենք հայացքներով։ Ինքը մեծ է, բայց ինձ հետ կարողանում է լինել իմ ուզած ձևով,- ասաց նա ու հավելեց, որ իրենց հարաբերություններում առաջատարը Տիգրանն է։ -Իմ ընտանիքի գլուխը Տիգրանն է։ Եթե մենք ինչ-որ բանի ուզում ենք հասնել, երկուսով ենք խորհրդակցում, որոշում կայացնում ու հասնում դրան»։
Տիգրանն ու Մարիամը մոտ մեկ ամիս է, ինչ միասին են ապրում, սակայն նրանց հարսանիքը կկայանա փետրվարի 14–ին` Մարիամի տարեդարձի օրը։ Նա չցանկացավ նշել, թե որքան ժամանակ են ինքն ու Տիգրանը միասին։ Անդրադառնալով հարցին, որ ինքն է առիթ հանդիսացել Տիգրանի և Լուսինեի ամուսնալուծության համար, Մարիամը պատասխանեց. «Ես չեմ կարող խորանալ այդ թեմայով, որովհետև շատ խորը թեմա է, սակայն ես առիթ չեմ հանդիսացել։ Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը չի սիրել իր կնոջը»։
Հստակեցնող հարցին` իրենց սերը ծնվել է այն ժամանակ, երբ Տիգրանը դեռ ամուսնացած էր, Մարիամն արձագանքեց.
«Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին»։
Ինչ վերաբերում է ամուսնու երեխաների հետ հարաբերություններին` Մարիամը նշեց, որ Տիգրանի որդին` 14-ամյա Ռոբերտն իրենց հետ է ապրում, իսկ դուստրը` 1-ամյա Արինան, մայրիկի հետ երկրում չէ։
«Շատ լավ հարաբերություններ ունենք։ Մեզ համար զարմանալի էր, սակայն Ռոբերտը մեզ հասկացավ և ասաց, որ ուզում է հայրը երջանիկ լինի։ Կարծում եմ, եթե երեխան առողջ մթնոլորտում է լինում, իր կյանքը, ապագան, ավելի կատարելագործված է լինում։ Արինայի հետ շատ շփում չունենք, քանի որ նա մայրիկի հետ արտերկրում է։ Մայրը խոչընդոտ չի հանդիսանում մեր շփմանը, պարզապես այս պահին երկրում չեն»,- ասաց նա։
Հայկական իրականությունում մինչև ամուսնությունը համատեղ կյանքը իրականության մեջ համարձակություն է, հատկապես, 19-ամյա աղջկա համար, որը որոշել է կյանքը կապել իրենից 21 տարի մեծ, ամուսնալուծված տղամարդու հետ։ Մարիամից հետաքրքրվեցինք, թե ինչպես են այս ամենին արձագանքել իր ընտանիքի անդամները։ «Ես շատ եմ սիրում Տիգրանին, դրա համար կարողացա շատ բաների դեմ դուրս գալ և շատ բաների միջով անցնել։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, ընդունել է մեր ամուսնությունը։ Սկզբում, ընդհանրապես, չէին ընդունում, սակայն արյունը ջուր չի դառնա, փորձում են համակերպվել։ Հայրս դեմ է, սակայն փորձում է համակերպվել։ Ի վերջո, իր աղջիկն եմ»,- ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում