Հայկական մամուլը ուղղակի «պայթում է» Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին նորություններից։ ԶԼՄ-ները նշում են իտալական «Ինտերի» անունը, որտեղ ամենայն հավանականությամբ կարող է տեղափոխվել հայ կիսապաշտպանը հուվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Իսկ թե ի՞նչ ընթացք կստանա Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան, Asekose-ն փորձեց պարզել ֆուտբոլային մեկնաբան, վերլուծաբան Մենուա Մեհրաբյանից։
Ինչպես կգնահատես Մխիթարյանի ելույթները՝ սկսած Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելուց մինչ այսօր։
Մանչեսթերում Մխիթարյանի ելույթներն՝ ընդհանուր առմամբ, լավ կգնահատեմ: Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Հենրիխն աչքի էր ընկնում վառ և արդյունավետ խաղով: Վստահություն կար մեր ֆուտբոլիստի մոտ: Չեմ կարող ասել՝ ինչն էր պատճառը, բայց այդ վստահությունն աստիճանաբար խամրեց՝ ցավոք: Այդուհանդերձ, երբեք չպետք է մոռանալ այն մեծագույն նվաճումը, որին Մխիթարյանը հասավ հենց Յունայթեդում: Խոսքը Եվրոպա լիգայի գավաթակիր դառնալու մասին է:
Ժոզե Մոուրինյոն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ Անգլիայի գավաթի այսօրվա հանդիմանը Մխիթարյանին կարող ենք տեսնել մեկնարկային կազմում։ Կարո՞ղ ենք համարել, որ սա հայ ֆուտբլիսիտի վերջին շանսն է։
Միգուցե նման մտադրություն ունի Մոուրինյոն: Միգուցե ցանկանում է համոզվել՝ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելը ճի՞շտ է, թե՞ սխալ (հոգեբանորեն կոտրել ֆուտբոլիստին և դրանից հետո միայն մեկ խաղով պարզել մեր ֆուտբոլիստի անհրաժեշտությունը՝ արդարացված չէ): Միգուցե այդպես շատերն են համարում, բայց ես այդ կարծիքը չեմ կիսում: Եթե ակումբը պաշտոնապես խոսել է Մխիթարյանին տրանսֆերի հանելու մասին, ապա «վերջին շանս» ձևակերպումն ընդունելի չէ: Ի վերջո հիշենք, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստների դեպքում էլ, երբ ակումբը պատրաստվել է հրաժարվել խաղացողի ծառայություններից, նրանց մինչև վերջին պահը խաղալու հնարավորություն տրվել է: Այդպիսին է պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Քանի դեռ գործող պայմանագիր ունես ակումբի հետ, պարտավոր ես ենթարկվել ղեկավարությանն ու մարզչին, խաղադաշտ դուրս գալ այն դեպքում, երբ գլխավոր մարզիչը նպատակահարմար է գտնում, և անել քո աշխատանքը: Սա ամենևին չի խոսում, որ այս խաղում Հենրիխի հաջող խաղը կարող է փակել բոլոր խոսակցությունները և Մխիթարյանին հանել տրանսֆերի հանված ֆուտբոլիստների ցուցակից: Եթե անկեղծ լինեմ, ապա դրական պետք է համարել այն հանգամանքը, որ Հենրիխը կարող է հեռանալ Յունայթեդից: Ամեն դեպքում, այսօրվա խաղով մեր ֆուտբոլիստն ապացուցելու շատ բան ունի, թեկուզ նաև այն դեպքում, եթե լքելու է Յունայթեդը:
Մամուլը խոսում է, որ Մխիթարյանը գալիք ձմեռային տրանսֆերային շրջանում կարող է տեղափոխվել Իտալիա։ Ինչպիսի՞նն են Մխիթարյանի շանսերը Իտալիայում։
Դեռևս Յունայթեդ տեղափոխությունից առաջ էի նշել, որ Մխիթարյանի համար կատարյալ տարբերակ կլիներ Ա Սերիայում հանդես գալը: Անգլիայի առաջնությունում գերիշխում են արագաուժային ֆուտբոլը, մեծ արագությունները, անվերջանալի թվացող պայքարները, որին ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարողանում ընտելանալ: Տեխնիկապես գրագետ և ստեղծագործող ֆուտբոլիստի համար Պրեմիեր-լիգան «գերեզմանափոր» է դառնում, շատ դեպքերում: Մխիթարյանը հրաշալի է գործում, երբ ունի ազատ տարածություն, երբ կա մտածելու, ստեղծագործելու ժամանակ ու հնարավորություն: Այս տեսանկյունից, Իտալիայի առաջնությունը հենց Մխիթարյանի համար է: Շատերը նշում են, թե Ա Սերիան թույլ առաջնություն է և այստեղ ֆուտբոլիստը չի կարող աճել: Բայց եկեք նայենք, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Իտալիայի առաջնությունից որքան ֆուտբոլիստների ձեռք բերեցին առաջատար մյուս առաջնությունների ակումբները: Նշանակում է, որ Ա Սերիան կարողանում է լավ ֆուտբոլիստներ տալ: Գտնում եմ, որ Իտալիայի առաջնությունում Հենրիխի խաղն ավելի վառ ու արդյունավետ կլինի, կրկին կվերադարձնի այն դիրքն ու համբավը, որն ուներ Դորտմունդի Բորուսիայում: Պարզապես շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը, քանի որ այս անգամ, միգուցե, վերջին հնարավորությունն է:
Որպես ֆուտբոլային փորձագետ ի՞նչ կանխատեսումներ կարող ես անել Մխիթարյանի կարիերայի հետագա ընթացքի շուրջ։ Չմոռանանք, որ մեր ֆուտբոլիստն արդեն 28 տարեկան է, և 28-ը ֆուտբոլիստի համար երիտասարդ տարիք չէ։
Այո, 28 տարեկանը երիտասարդ տարիք չէ ֆուտբոլիստի համար, բայց նաեւ բացարձակ անկման տարիք չէ: Կարող ենք հիշել շատ ֆուտբոլիստների, ովքեր փայլել են նաեւ 36-38 տարեկանում: Նման դեպքում կանխատեսում անելը բարդ է: Ամեն դեպքում, եթե Մխիթարյանը տեղափոխվի Իտալիա, ապա վստահ եմ, որ դեռ երկար տարիներ կարող է խաղալ բարձր մակարդակով: Շարունակում եմ պնդել, որ Պրեմիեր-լիգան Մխիթարյանինը չէ: Միգուցե հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ առաջիկա 10-20 տարվա ընթացքում, այլևս որևէ հայ ֆուտբոլիստի չտեսնենք եվրոպական առաջատար առաջնություններից որևէ մեկի առաջատար ակումբի, տիտղոսակիր ակումբի կազմում: Հենց սրանով է պայմանավորված բոլորիս մտահոգությունն ու անհանգստությունը՝ կապված Հենրիխի կարիերայի հետագա ընթացքի հետ: Տա Աստված, որ մեր ֆուտբոլիստն այս անգամ ճիշտ ընտրություն կատարի, որի արդյունքներով ուրախանալու հնարավորություն կունենանք դեռ երկար տարիներ: Հակառակ դեպքում, Մխիթարյանին կարելի է «սպասել» նաեւ «Փյունիկում»…
Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի