▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտ չարաշահումներով զրկեցին մարզչական լիցենզիայի համար դասընթացներին մասնակցելուց․Մենուա Մեհրաբյան

Ֆուտբոլային մեկնաբան, վերլուծաբան Մենուա Մեհրաբյանին հայ ֆուտբոլասերները կհիշեն Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող ազգային հավաքականի խաղերից։ Յուրօրինակ խոսքով, տեղ-տեղ էմոցիոնալ, բայց հետաքրքիր վերլուծական մոտեցմամբ մեկնաբանը ուղիղ եթերից սթափ ու անաչառ քննադատության էր արժանացնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական կազմին ու ֆեդերացիային։ Մոտեցում, որը խիստ օտար (երբեմն նույնիսկ վտանգավոր) է մեր երկրում։

Այսպիսով՝ Մենուա Մեհրաբյանը պատմում է իր մասնագիտության, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խնդիրների, Հենրիխ Մխիթարյանի ու իտալական ֆուտբոլի մասին։

 

 

—    Նախկինում տված ձեր հարզարույցներում նշում էիք, որ ֆուտբոլով սկսել եք հետաքրքրվել ու զբաղվել դեռ վաղ հասակից։ Ինչու՞ ընտրեցիք հենց ֆուտբոլը և ինչու՞ հենց մարզական մեկնաբանի մասնագիտույթունը։

 

Այո, իրավացի եք, որ ֆուտբոլով սկսել եմ զբաղվել դեռ մանկուց: Ավելի կոնկրետ՝ 6 տարեկանից: Այս մարզաձեւի ընտրությունը բնատուր է: Ոչ ոք ինձ չի ստիպել, որպեսզի սիրեմ ֆուտբոլը, ոչ ոք չի նպաստել ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրույթան ձեւավորմանը, գեներով որեւէ կապ չեմ ունեցել մարզիկի կամ ֆուտբոլիստի հետ: Պարզապես սիրել եմ նախ գնդակը, որից հետո արդեն լուրջ հետաքրքրություն առաջացավ մարզաձեւի նկատմամբ: Ի դեպ, տեխնիկական առաջին վարժությունը, որը անթերի կատարել եմ, որը 6 տարեկան երեխայի համար չափազանց բարդ էր կատարելը, եւ որը մինչեւ այսօր օգտագործում եմ, սովորեցրել է ներկայումս Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն՝ նախկինում ճանաչված ֆուտբոլիստ, Սերգեյ Զաքարյանը: Հենց նա էլ ինձ մեջ տեսավ բնատուր որակներն ու տաղանդը, եւ մեծապես նաեւ նպաստեց նրան, որպեսզի ձևավորվեմ որպես ֆուտբոլիստ: Դեռ 6 տարեկան հասակում, միայնակ իջնում էի բակ, վերցնում գնդակը, կավճով գծում էի մեծ խաղադաշտ, միայնակ սկսում էի խաղալ, եւ զուգահեռաբար նաեւ մեկնաբանում էի՝ ռուսերեն լեզվով: Բնականաբար, բառերի մեծ մասը լսել էի հեռուստատեսությամբ եւ սխալ էի արտաբերում, բայց հաճույքով էի անում ամեն ինչ: Միգուցե նաև այդ հատկանիշը, որը նույնպես դեռ մանուկ հասակից կար ինձ մոտ, հետագայում նպաստեց արդեն նրան, որպեսզի ընտրեմ մեկնաբանի մասնագիտությունը: Ունեմ բարձրագույն կրթությամբ երկու մասնագիտություն, որոնք սակայն, որեւէ կերպ կապված չեն այն մասնագիտության հետ, որն ընտրել եմ: Այստեղ մեծ դեր խաղաց նախկինում ֆուտբոլիստ լինելուս հանգամանքը եւ, քանի որ արդեն հրաժեշտ էի տվել պրոֆեսիոնալ ֆուտբոլին, որոշեցի ֆուտբոլի մեջ մնալ որպես մեկնաբան, դրանով շարունակել անմիջական կապս այն մարզաձեւի հետ, որն իմ մեջ է, ինձ հետ է վաղ մանկությունից:

 

 

 

—    Մի քանի տարի աշխատել եք Հանրային հեռուստաընկերությունում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերն եք մեկնաբանել։ Կարող ենք ենթադրել, որ ոլորտի խնդիրներին լավատեղյակ կլինեք։ Ի՞նչ եք կարծում, բացի ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի հանճարեղ հանդիպումներից, մեր հավաքականն ինչու՞ է տարեցտարի ռեգրես ապրում։ Ո՞րն է պատճառը՝ ունենալով փորձառու ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, չենք կարողանում հաջողություններ գրանցել։

 

Միանշանակ է, որ ոլորտի խնդիրներին խորությամբ եւ մանրամասն տեղյակ եմ: Մինչև հարցին պատասխանելը, կցանկանայի մեկ հանգամանք հատուկ շեշտել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նաև աշխատանքային գործունեությանս ընթացքում չեմ խուսափել առողջ քննադատություն հնչեցնել թե՛ մեր հավաքականի ցուցադրած խաղի և թե՛ մեր ֆուտբոլի ներկայիս վիճակի վերաբերյալ: Կան մարդիկ, որոնց թվում էր, թե դրանով կեղտոտ լվացքն եմ ի ցույց դնում հանրությանը, փորձում եմ զրոյին հավասարեցնել իրենց կատարած ցանկացած աշխատանք: Բայց մեկ բան հաշվի չեն առել երբեք. եթե ցանկանայի անել այն, ինչը իրենք են կարծում կամ ներկայացնում, ապա բոլոր խնդիրները՝ ամենայն մանրամասնությամբ, կդարձնեի հանրության սեփականությունը: Արդյունքում, չեզոքացրեցին մեկնաբանական ասպարեզից, իսկ բոլորովին վերջերս էլ «կանխեցին» մարզչական գործունեություն սկսելու փորձս։ Բացահայտ չարաշահումներով ու խախտումներով, ուղղորդված կերպով զրկեցին մարզչական լիցենզիայի համար դասընթացներին մասնակցությունս շարունակելու իրավունքից՝ ընդամենը 10 րոպեում ցուցաբերելով բախտագուշակի փառահեղ որակներ և որոշելով, որ Մենուա Մեհրաբյանն իր ֆուտբոլային գիտելիքով, փորձով և ցանկությամբ չի կարող աշխատել որպես մարզիչ, չի համապատասխանում որակները: Աստված նրանց հետ, ովքեր այդ կերպ են որոշել: Փառք Աստծո, որ դա միայն մի քանիսի կարծիքն է: Ինչևէ, ես պատասխանեմ արդեն կոնկրետ հարցին: Եթե անկեղծ լինեմ, ապա տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացի, դրանից բխող աղետալի իրավիճակի և նույնքան աղետալի արդյունքների պատճառներն այնքան խորքային են ու շատ, որ դրանց մասին ամբողջապես խոսելու համար միգուցե ամիսներ պահանջվեն: Դրանց մասին կարելի է նույնիսկ հատորներով գիրք գրել: Չբացելով որևէ փակագիծ՝ նշեմ միայն, որ վերահաստատում եմ իմ նախորդ հարցազրույցներում հնչեցրած դիրքորոշումս: Առաջին ու գլխավոր նախապայմանն այն էր, որ անհապահ պետք է թարմություն մտցնել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմում: Ռուբեն Հայրապետյանն ինքն էր իր հարցազրույցների ընթացքում նշել, որ ինքն էլ արդեն սպառվել է, հոգնել է և այլն: Թեկուզ սպառվել է միայն հոգեբանորեն կամ հոգեպես, բայց դա էլ արդեն ամենալուրջ հիմքն է, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան: Ես շատ եմ ասել, հիմա էլ կրկնեմ, որ ինքս որևէ խնդիր որևէ մեկի հետ երբեք չեմ ունեցել: Եթե խնդիր են ունեցել, ապա ունեցել են ինձ հետ՝ կայուն էությանս հետ չհամակերպվելով: Ու այս տեսակետս նույնպես անձնավորված ու թիրախավորված չէ՝ բնավ: Պարզապես խոսում եմ ելքի մասին, որն անհրաժեշտ է օգտագործել: Ինչպես է աշխատել ֆեդերացիան, ինչ է արել ֆեդերացիան, կամ ինչ չի արել, դա արդեն երկրորդական է: Հիմա անհրաժեշտ է թարմ լիցք, թարմ ուժ, եւ ինչպես մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էր նշել՝ թարմ արյուն: Այդ թարմ արյունն անհրաժշտ է ոչ միայն հավաքականի կազմին, այլ նաեւ ֆեդերացիայի ղեկավար կազմում: Ի վերջո, պետք է մի պարզ բան գիտակցել. մեզնից յուրաքանչյուրը, եթե մի ոլորտում մնում է շատ երկար տարիներ, ենթարկվում է մասնագիտական որոշակի լճացման, որի արդյունքում տեղի է ունենում բնական ու օրինաչափ սերնդափոխություն: Սա ես չեմ հորինել, սա բնությունն է, մեր կյանքն է: Սերնդափոխություն բառը տվյալ դեպքում միգուցե օգտագործվի փոխաբերական իմաստով, բայց դրանից գործընթացի միտքն ու տրամաբանությունը չի փոխվում: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մեր ֆեդերացիան ֆինանսական միջոցներ է խնայում բարձրակարգ մարզիչ հրավիրելու հարցում: Եթե չենք ցանկանում ներդրում կատարել նաեւ այդ ինստիտուտում, ապա ի՞նչ իմաստ ունի յուրաքանչյուր շրջափուլից առաջ մեծ հույսեր տալը, ֆուտբոլասերին, երկրպագուին մոլորեցնելը: Համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն երկու ստուգատեսներից գոնե մեկին մասնակցելու իրական հնարավորությունն ունեցել ենք: Ձախողվել ենք: Դրանից հետո որոլտի պատասխանատուները պարտավոր էին լուրջ հետեւություններ անել ու սկսել ճիշտ ուղղությամբ քայլելը, քանի որ պետք է գիտակցեին մի պարզ բան. մեր ընտրանու այն սերունդը, որ ունակ էր Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին մասնակցելու, ժամանակի հետ “հեռանալու էր” հենց այդ նպատակից: Ցավոք, այդպես էլ եղավ: Հաշվեք, խնդրեմ, թե քանի՞ ընտրական մրցաշար է ձախողել Հայաստանի հավաքականը: Ֆեդերացիայի ղեկավարությունը դրա համար շարունակաբար, եւ տարբեր պատրվակներով հավաքականի դռները փակել է շատ ֆուտբոլիստների առջեւ, փոխել է միայն ընտրանու գլխավոր մարզիչներին, բայց երբեք չի մտածել, թե ո՞վ է իրականում այս ամենի պատասխանատուն: Որքանով տեղյակ եմ, մեր ֆուտբոլի եւ հավաքականի թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է: Բայց փոխարենը մեղքը շարունակաբար սրա-նրա վրա գցելուն, մի անգամ էլ կարելի էր խորը մտածել, եւ իրավիճակի պատճառը գտնել հենց իրենց մեջ: Ով է ասե՞լ, որ բոլորը ճիշտ են աշխատում, որ բոլորն անսխալական են: Անսխալ մարդ չկա, եթե այդ մարդն աշխատում է, գործում է: Բայց մեծագույն որակ է՝ սեփական սխալը գտնելը, գիտակցելն ու դրա մասին խոստովանելը: Հենց սա կլիներ այն հասկանալի հիմքը, որի վրա կարելի է արդեն ճիշտ կառուցել սեփական աշխատանքը: Այս ամենի հետ մեկտեղ՝ ունենք նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի բավական ցածր մակարդակ, որը կտրուկ բարձրացումը՝ մոտ ապագայում, չի նշմարվում: Այսպես կարծելու համար ամուր ու հստակ հիմքեր կան: Սրա մասին դժգոհում ու խոսում են նույնիսկ մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչները: Բայց չեն բարձաձայնում՝ հասկանալի պատճառներով: Ու հենց այն հանգամանքը, որ ոչ ոք չի ցանկանում բարձրաձայնել իր պատասխանատվության տակ գտնվող թիմի, կառույցի, եւ, առհասարակ, գոյություն ունեցող ծայրաստիճան մեծ խնդիրները, բերում են նրան, ինչը հիմա ունենք: Մինչև այս հոգեբանությունը նույնպես չթոթափվի մասնագետների եւ մարզիչների մոտ, այս իրավիճակի ականատեսն ենք լինելու դեռ երկար տարիներ: Մնացածը չմանրամասնեմ, ավելի չբացեմ փակագծերը:

 

Հիմնական սխալներն են՝ ֆուտբոլային գերատեսչության համակարգային սխալ աշխատանքը, սեփական որոշումներով առաջնորդվող, անկախ գործող եւ իսկապես բարձրակարգ գլխավոր մարզչի բացակայությունը, հավաքականի ֆուտբոլիստների ստացած քիչ խաղաժամանակն՝ իրենց ակումբների կազմերում, որից բխում է ֆունկցիոնալ առումով անբավարար պատրաստականությունը։

 

—    Խոսենք Հայաստանի «Բարձրագույն խմբի»։ Շատ ենք հետ եվրոպացիների՞ց։  Հեռանկարներ տեսնու՞մ եք։

 

Ցավով եմ նշում, բայց որեւէ հեռանկար չեմ տեսնում: Ես հիշում եմ այն տարիները, երբ ինքս գործող ֆուտբոլիստ էի, մեր բարձրագույն ու առաջին խմբի առաջնություններում մեծ թվով թիմեր կային: Եւ դա, ուշադրություն դարձրեք, Արցախյան ազատամարտի, դրան հաջորդած տարիներին, անկախությունից հետո ստեղծված կենսական պայմանների, մեր չունեցած տնտեսության պայմաններում: Իսկ հիմա ինչ ունե՞նք: Ինքներդ գիտեք: Մենք չունենք բավականաչափ ֆուտբոլային ակումբներ, բայց նրանք, որոնք ցանկացել են ստեղծվել եւ մասնակցել մեր ներքին առաջնություններին, բախվել են բարձր մուտքավճարների խնդիրին, իրենց առջեւ դրված ինչ-ինչ անհասկանալի պայմաններին, եւ մարդիկ խուսափել են գործընթացին շարունակություն տալուց: Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլում չափազանց անառողջ մթնոլորտ է: Իսկ եթե մարդու օրգանիզմն առողջ չէ, ապա նույնիսկ փոքր օրգանը, որը լուրջ հիվանդ է, սկսում է փչացնել նաեւ մյուս օրգանները: Վնասում է: Ֆուտբոլը նույնպես օրգանիզմ է: Թեկուզ առերեւույթ: Եւ պետք չէ զարմանալ, երբ փոքր սխալից սկսվում եւ զարգանում են մեծ սխալները, վերածվում են հիվանդության եւ համաչափ ու տրամաբանական զարգացումից զրկում են արդեն ամբողջական օրգանիզմին: Կրկնեմ իմ տեսակետներից եւս մեկը՝ ֆուտբոլը սիրելն այլ բան է, ֆուտբոլով ապրել, մտահոգվելն ու ֆուտբոլը հասկանալը՝ միանգամայն այլ բան: Ես վստահ եմ, որ որեւէ մեծահարուստ չի էլ ցանկանա ակումբ ստեղծել Հայաստանում: Այնպես որ, վախենամ, հինգ տարի անց մեր առաջնությունում մնան ընդամենը չորս ակումբներ, որոնք միանգամից կմասնակցեն եվրագավաթներին (բնականաբար, սա որպես ցավալի օրինակ, ընդամենը): Հայաստանի Բարձրագույն խումբն առանձին ցավալի թեմա է: Հիմա որեւէ իրավասություն չունեմ այս ամենին միջամտելու համար, այլապես հոգիս կնվիրաբերեի այս աշխատանքին նաեւ, բայց սրտի մեծ ցավով եմ նայում, թե ինչպես է երկրաչափական պրոգրեսիայով հետընթաց ապրում հայկական ֆուտբոլը: Պետք չէ կորցնել մեր ֆուտբոլը…

 

—    Եվրոպական ֆուտբոլային առաջնություններից, որ «լիգան» եք ամենաշատը հավանում։

Եթե հաշվի առնենք, որ 15 տարեկանից հանդիսանում եմ Թուրինի Յուվենտուսի երկրպագու, ապա, բնականաբար անտարբեր չեմ Ա Սերիայի նկատմամբ: Չեմ կարծում, թե այնքան անհետաքրքիր է, որքան ներկայացնում են ֆուտբոլասերներից շատերը: Ա Սերիան ունի յուրովի հմայք: Միգուցե արագությունները բարձր չեն, ինչին հիմա ձգտում է, ու հասել է համաշխարհային ֆուտբոլը, սակայն հետաքրքրության տեսանկյունից լավագույնն է, միգուցե:

 

—    Հետևում եք Մխիթարյանի խաղին։ Ի՞նչ եք կարծում Յունայթեդն է այն ակումբը, որտեղ նա պետք է խաղա։

Չեմ կարծում, թե կգտնվի գոնե մեկ հայ, ով չի հետեւում Մխիթարյանի խաղին: Բոլորս էլ ուրախանում ենք, որ հայի ազգանունն է նշվում ու հնչում համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ակուբներից մեկի կազմում: Սրանով նաեւ պետք է հպարտանալ, քանի որ չեմ բացառում, որ Մխիթարյանը մնալու է միակ հայ ֆուտբոլիստը, ով հասել է մինչեւ Մանչեսթեր Յունայթեդի մակարդակի ակումբ: Ինչ վերաբերում է ակումբի ընտրությանը, ապա մենք պարտավոր ենք հարգել Հենրիխի ընտրությունը: Մեզնից մեկը կարող է համարել, որ սխալ ակումբ ընտրեց, մյուսը կարող է համարել, որ կատարել է ամենաճիշտ ընտրությունը: Յուրաքնաչյուրիս պատկերացումը, սպասելիքն ու ցանկությունը տարբեր են: Ես նշեմ իմ կարծիքի մասին, որ ավելի լավ կլիներ, եթե Մխիթարյանն այլ ակումբ ընտրեր: Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե կոնկրետ ակումբներին, այլ Հենրիխի խաղաոճի համապատասխանելիությունը՝ թիմին, կամ հակառակը: Շարունակում եմ կարծել, որ Մխիթարյանի մոտ հոգեբանական ու խաղային հսկայական աճ կարձանագրվեր, եթե տեղափոխվեր Իտալիայի առաջնոթյուն: Շատերը չեն համաձայնի տեսակետիս հետ՝ վստահ եմ, բայց սա իմ կարծիքն է:

—    Այսօր Չելսի-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումն է։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։ 

 

Կարծում եմ՝ խաղը կավարտվի Չելսիի հաղթանակով: Նախ, Չեմպիոնների լիգայում Ռոմայից կրած ցավոտ պարտությունից հետո Չելսին փորձելու է հոգեբանորեն վերականգնվել հենց Յունայթեդի հետ խաղում հնարավոր հաղթանակի շնորհիվ: Ինչ վերաբերում է Յունայթեդին, ապա որոշակի անկման սկիզբ է նշմարվում այս թիմի խաղում: Հնարավոր է, որ դա թվացյալ է: Համենայնդեպս, ես հակված եմ այն կարծիքին, որ հաղթելու է Չելսին:

 

 

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին