Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի հայ փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանի և գլխավոր մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոյի կոնֆլիկտից անցել է մոտ երկու ամիս։
Այս ժամանակահատվածում թե՛ հայկական, թե՛ միջազգային պարբերականները հայ ֆուտբոլիստին «տեղափոխել» էին այլ ակումբներ, նույնիսկ հնչում էին հետաքրքրվող ակումբների անուններ (մասնավորապես Միլանի Ինտերի ու Մխիթարյանի նախկին ակումբի՝ Դորտմունդի Բորուսիայի անունները)։
Ձմեռային տրանսֆերային պատուհանը բացվել է հունվարի 1-ից, և արդեն տեղի են ունեցել մի քանի աղմկահարույց տեղափոխություններ՝ աստղաբաշխական թվերով (Մանչեսթերի ոխերիմ «թշնամի» Լիվերփուլը իր բրազիլացի աստղին՝ Ֆելիպե Կոուտինյոյին 120 միլիոն եվրոյով բաց թողեց ամենակարող Բարսելոնա)։
Իսկ Մխիթարյանի մասով դեռ նորություններ չկան։ Միակ նորությունը Մխիթարյանից Ժոզե Մոուրինյոյի ներողություն խնդրելն է։
Այս նորությունը վերջին շրջանի թերևս ամենանշանակալին կարող ենք համարել և այն կարող է հանդիսանալ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի հետագա ընթացքը հասկանալու բանալին։
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում Մխիթարյանը փոխարինվեց։
«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում: Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, և ես «զոհաբերեցի» Միկիին»,- ասել է Մոուրինյոն։
Ուրախալի է, որ Մոուրինյոն ու Մխիթարյանը վերջապես կարողացան կոմպրոմիսի գալ և գործնական առողջ մթնոլորտ ստեղծել։
Դեռևս ոչ շատ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ, Մխիթարյանը փայլում էր «Կարմիր սատանաների» կազմում, գոլեր էր խփում ամենաարտասովոր ձևերով՝ «կարիճ» հարվածով, շրջադարձ հատվածով, «շախմատային» գոլային փոխանցումներ էր կատարում, անհավանական արագություն ու «բրազիլական» դրիբլինգ ցուցադրում և թվում էր, թե հայ ֆուտբոլիստը մի ամբողջ հավերժություն կարող է երջանկացնել Յունայթեդի երկպագուներին և ողջ հայ ազգին։ Ցավոք սրտի,․այս մրցաշրջանում Մխիթարյանը հանդիպեց այն խոչընդոտին, որը կրնկակոխ հետապնդել է նրան իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ ինքնավստահությունը կորցնելը։ Այս խնդիրն Մխիթարյանը բախվեց Դորտմունդի Բորուսիայում երկրորդ մրցաշրջանից հետո։
Մխիթարյանի առավելություն մյուս ֆուտբոլիստների նկատմամբ իր ինտելեկտն է։ Եթե Մանչեսթերի աստղեր Պոլ Պոգբան կամ Ջեյսի Լինգարդն իրենց ազատ ժամանակը վատնում են համակարգչային խաղերի և սելֆիների վրա, ապա Մխիթարյանը ընթերցում է։ Այս թեմայի շուրջ ռուսական հանրահայտ Sports.ru պարբերականը հրապարակել է Մխիթարյանի հարցազրույցը «Մխիթարյանի ներքին խաղը» վերագրով, որտեղ հայ ֆուտբոլիստը պատմում է Տիմոտի Գելլուեյի «Թեննիսի ներքին խաղը» գրքի ազդեցության մասին։
Հետ նայելով Մխիթարյանի անցած ճանապարհին՝ կարող ենք վստահաբար պնդել, որ հայ ֆուտբոլիստը կգտնի ինքնավստահությունը վերականգնելու ուղին և կշարունակի թնդացնել Օլդ Տրաֆորդը։
Հովհաննես Եսայան