▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգի ձևաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար. Ռիտա Սարգսյան

Փետրվարի 15-ին` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը,  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական  համերգը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Երեկոյի ընթացքում իրականացան առողջական խնդիրներ ունեցող և դրանք հաղթահարող երեխաների երազանքները` նրանք երգեցին իրենց սիրելի արտիստի հետ իրենց իսկ նախընտրած երգը: Երեխաների հետ ելույթ ունեցան Ռազմիկ Ամյանը, Սիլվա ՀակոբյանըԷրիկը, Հայկոն, Սոնա Ռուբենյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արամեն, Նարե Գևորգյանը, Էռնա Միրը, Լիդուշիկը, Լիանան, Վլադիմիր Գասպարյանը, Գոռ Հարությունյանը և այլք:

Դառնալ դիզայներ և իր սիրելի երգչուհու` Իվետա Մուկուչյանի համար զգեստ կարել, գեներալի կոչում ստանալ, դառնալ երգիչ ու փառք բերել մեր երկրին, դառնալ հայոց բանակի զինվորներ… Ահա այսպիսի երազանքներ ունեն երեխաները, ովքեր վստահ են, որ դրանք մի օր հրաշքով անպայման իրականանալու են, քանի որ հավատում են, որ իրենք հենց այդ հրաշքի շնորհիվ են այսօր ապրում:

Առողջական ծանր խնդիրներն անցյալում թողած փոքրիկ Արփինեն, ով աչքի է ընկնում անսահման հետաքրքրասիրությամբ և շատ է սիրում հարցեր տալ, երազում է լրագրող դառնալու մասին: Երեկոյի վերջում նա Լիդուշիկի հետ ներկայացրեց հիմնադրամի հիմնը` «Արև ենք միասին». նման նախաձեռնության մասնակցելու դեպքում բոլորը դառնում են մի մեծ արև, որն ի զորու է հրաշքներ գործել:

«Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տկին Ռիտա Սարգսյանն իր խոսքում նշեց. «Համերգի ձևաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար, սա ոչ թե ես եմ ասում, այլ ասում են մեր հոգեբանները, բժիշկներն ու մասնագետները»:

«Նվիրիր կյանք»-ը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

Լիլիթ Նավասարդյան

Արմեն Հակոբյան-Թամրազյան

Կարդացեք նաև` Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և այլևս չգան հիվանդանոց... Եվս մեկ նվիրված կյանք

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին