▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի վիրավորը փորձել է փախչել հիվանդանոցից. «Ժողովուրդ»

Մինչ հասարակության շրջանում լայն քննարկումներ են ընթանում մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ, դեպքերը հետաքրքիր ու կտրուկ զարգացումներ են ապրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորի փեսայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը փորձել է  փախչել հիվանդանոցից: Սակայն իրավիճակը փրկել են ոստիկանները, ովքեր կանխել են նրա փախուստը: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այժմ ոստիկանների կողմից խիստ հսկողություն է սահմանված:

Ավելին՝  «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել նաեւ, որ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը` Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի փեսան է:  Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին եւ, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում: Մենք տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունը առգրավել է շենքի բակում տեղադրված տեսախցիկները, որոնք արձանագրել են, թե ինչպես է տեղի ունեցել վեճը: Այնպես որ, իրադարձությունները անսպասելի ընթացք կարող են ունենալ թե՛ մասնակիցների, թե՛ տեղի ունեցածի առումով:

Իսկ մինչ այդ, հիշեցնենք, որ նշված օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, իր կնոջ (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դստեր) եւ երեխայի հետ երբ ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, նրա Toyota Landcruiser մեքենայի դիմացը կտրել են Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը` BMW X 6 մակնիշի մեքենայով: Վերջիններս մոտ կես ժամ փակել են  ճանապարհը, ինչն էլ վիճաբանություն է առաջացրել:

Գ. Առաքելյանը` պատգամավորի փեսան, հանել է իր մոտ եղած հրազենը եւ 7-8 անգամ կրակել դիմացինների ոտքերի ուղղությամբ: Անկանոն կրակոցների պատճառով «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում իրեր վաճառողներ ու անցորդներ Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանը եւ Ալվինա Բադալյանը, ինչպես նաեւ վիճաբանողներ Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը հրազենային վնասվածքներ էին ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Միջադեպն այս օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել, հնչել են քննադատական գնահատականներ, սակայն  այս պատմության մեջ  ամենատխուր փաստը մնում է այն իրողությունը, որ կրակոցները հնչել են երեխայի ներկայությամբ: Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե կրակոցների հեղինակի` Գոռ Առաքելյանի դուստրը,  կատարվածից հետո տեղափոխվել է հիվանդանոց: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք երեխան տեղափոխվել է  հիվանդանոց եւ, առհասարակ,ինչ վիճակում է գտնվում: Պարզեցինք, որ հիվանդանոց տեղափոխված երեխան՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը, դեպքից հետո չի խոսում: Այս օրերին բժիշկները երեխային խիստ հսկողության տակ են պահում, որպեսզի կարողանան նրան սթրեսային վիճակից դուրս բերել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել Լիլիի տատկիկի` Հասմիկ Ստեփանյանի հետ: Ըստ տիկին Հասմիկի` իր թոռնիկը կատարվածից հետո հայտնվել է սթրեսային վիճակում եւ բժիշկներն ամեն ինչ անում են նրան օգնելու համար. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել իմ երեխային, ինչ կլինի այս ամենի հետեւանքը: Պատկերացրեք, թե ինչ ցավ ենք ապրում, որ երեխան այս վիճակում է հայտնվել»: 

Փորձեցինք տիկին Հասմիկից հետաքրքրվել, թե իրեն ինչ է հայտնի  կատարված միջադեպի մասին, Հասմիկ Ստեփանյանը պատասխանեց. «Շատ բան չգիտեմ դեպքի մասին, բայց վստահ կարող եմ ասել, որ իմ երեխեքը իրենց տանից դուրս են եկել, նրանց դեմը կտրել են ջանավար տղաները ու մոտ 40 րոպե թույլ չեն տվել, որ անցնեն: Շատ վատ խոսքեր են ասել, սարսափելի հայհոյանքներ: Գոռը գնացել է, որ ասի, թե ճանապարհ տվեք, իսկ սրանք քաշել ու ծեծել են Գոռին: Այդ ժամանակ Գոռը մի կերպ պրծնելով այդ ջանավար  տղաներից հետ է եկել մեքենա՝ ասելով՝ սպասեք, կնոջս ու երեխայիս հանեմ տուն ու կխոսենք: Պատկերացրեք,  թույլ չեն տվել, մեքենայից քաշել գցել են ու շարունակել են ծեծել: Այդ վիճակում Գոռը կրակել է: Չեմ արդարացնում նրա արարքը, բայց հասկացեք, մարդուն հասցրել են այդ վիճակին»: 

Ավելին՝ երեկ հրապարակել էինք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը շտապել է Հայաստան: Երեկ մեր տեղեկությունը հաստատվեց, որ Անդրանիկ Մանուկյանն այսօր Հայաստանում է: Նշենք, որ Անդրանիկ Մանուկյանը շարունակում է պնդել, որ իր փեսան՝ Գառնիկ Առաքելյանը, որեւէ կապ չունի այս միջադեպի հետ, իսկ ինքը Հայաստան է ժամանել դիվանագիտական աշխատանքների նպատակով:

Հ. Գ. Անկախ նրանից, թե ով է եղել մեղավոր, ով անմեղ, փաստ է, որ ոչ մի պարագայում արդարացում չունի երեխային սթրեսային վիճակի մեջ գցողների վարքագիծը: Ոչ մի միջավայրում, թեկուզեւ հանցագործ, այդպիսի մարդիկ ընդունված չեն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին